Ավստրիայի Վերին պալատի անդամն Արցախի խորհրդարանական ընտրությունները համեմատել է առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ավստրիայի Վերին պալատի անդամ Յենևայն Հանս Յորգին, ով Արցախ է ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչապետը ողջունել է հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի բարեկամների թիվը ևս մեկով ավելացավ նրա այցի արդյունքում: Ա. Հարությունյանը կարևորել է Ավստրիայի խորհրդարանի և քաղաքական ուժերի հետ կապերի հաստատման և ամրապնդման նշանակությունը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան և «Ավստրիայի ազատական կուսակցությանը»՝ վերջերս Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած լրջագույն ներդրման համար:
Յենևայն Հանս Յորգը ներկայացրել է «Ավստրիայի ազատական կուսակցության» դիրքորոշումները՝ ընդգծելով ազատության ձգտող ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը՝ որպես առաջնահերթություն: Նա իր հիացմունքն է հայտնել ընտրությունների կազմակերպվածության և ժողովրդավարականության վերաբերյալ՝ համեմատելով առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ:
Կողմերը քննարկել են Արցախի ժողովրդավարությանն ու հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր ևս:
Հանդիպմանը մասնակցել են նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: