Տարածաշրջանի շատ երկրներ պետք է օրինակ վերցնեն արցախյան ընտրություններից. Հովհաննես Սահակյան
Մայիսի 3-ին Արցախում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի քանի ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացրած ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը մարդկային կուտակումներ, «գազելներով» ընտրողների տեղափոխում, ինչպիսին հատուկ է հայաստանյան ընտրություններին, չի տեսել:
«Պետք է ազնիվ գտնվեմ և ասեմ, որ այստեղ շատ ավելի ազատ է ու շատ ավելի բարձր գիտակցումով են թե ընդդիմադիրները, թե իշխանավորները և թե ժողովուրդը վերաբերում ու մոտենում ընտրություններին, քան Հայաստանում: Քաղաքացիական գիտակցությունն Արցախում շատ ավելի բարձր է: Կարծում եմ, որ Հայաստանը և մեր տարածաշրջանի մի շարք երկրներ պետք է օրինակ վերցնեն արցախյան ընտրություններից»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ընտրությունների ընթացքի մասին ասաց Հովհաննես Սահակյանը:
Ասաց, որ եղել են Շուշիում, Ճարտարում ու ևս մի քանի ընտրատեղամասերում ու նկատել, որ և՛ մարդկանց մասնակցությունը, և՛ ժողովրդի տրամադրությունը բարձր էր:
«Կարևորն այն էր, որ բոլորը Արցախում գիտակցում էին, որ այս ընտրությունները Արցախի ապագայի ընտրություններն էին և քվեարկություն են կատարում հանուն Արցախի ապագայի: Այս ընտրությունները մեկ քայլ առաջին էին ժողովրդավարության և Արցախի ճանաչման ճանապարհին», -ասաց Սահակյանը:
Նրա խոսքով, Արցախի ճանաչման փաստն է այն, որ 25 երկրներից 100-ից ավելի դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել ԱԺ ընտրություններում:
«Եվ նախընտրական, և ընտրական, և հետընտրական պրոցեսը բավականին զարգացած է Արցախում ու ընթացել և ընթանում են քաղաքացիական բարձր իրավագիտակցության պայմաններում: Արցախի ազատ և անկախ ժողովուրդը երեկվա քվեարկությամբ ցույց տվեց, որ ինքն ուզում է ապրել, քվեարկում է ժողովրդավարական բարձր մակարդակով և ձևավորում է իր պետական մարմինը», -նշեց Հայաստանի խորհրդարանի պատգամավորը:
Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 70,6 տոկոսը, այսինքն` ընտրողների ընդհանուր թվից՝ 102 034 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 72 039-ը:
Հարակից հրապարակումներ`
Շարմազանով. Արցախում ընտրությունները լիովին համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին
Բարձր մակարդակով անցկացված ընտրություններ էին. Ա. Արզումանյան