Համայնքների խոշորացումից պետք է ձեռնպահ մնալ առնվազն մինչև սահմանադրական փոփոխությունները. Արծվիկ Մինասյան
«Ես կողմնակից եմ շրջանային կառավարման, քանի որ գտնում եմ՝ երկրի զարգացման համար դա լավագույն մոդելն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում ընթանում էին խորհրդարանական լսումներ համայնքների խոշորացման վերաբերյալ: Հիշեցնենք, որ հանրապետությունում նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր: Մայիսի 17-ին երեք մարզերի մի շարք համայնքներում` երեք փնջում` Դիլիջանի, Թումանյանի և Տաթևի, անցկացվելու է տեղական հանրաքվե:
Պատգամավորը կարծում է, որ բացի սոցիալ-տնտեսական բազմաթիվ պատճառներից, գոյություն ունի նաև սոցիալ-հոգեբանական մի էական խոչընդոտ. «Առանց այդ էլ երկրում ձևավորված անվստահության ներկա մթնոլորտում իրականացնել համայնքների փնջային խոշորացման գաղափար, նշանակում է, որ այն համայնքներին, ովքեր պետք է միանան այդ համայնքին, մեկ անգամ ևս քայլ ենք անում օտարացնելու սեփական համայնքից, հողից, հայրենիքից: Սա ես համարում եմ խիստ բացասական դրսևորում»:
Ա.Մինասյանը նաև նշեց, որ պետք է խոսել հիմնարար արմատական փոփոխություններից, իսկ դա սկսվում է տեղական ինքնակառավարումից: Այստեղ, ըստ նրա, դերակատարություն պետք է ունենան նաև քաղաքական կուսակցությունները:
«Իսկ շրջանային կառավարման մեր պատկերացման մոդելի դեպքում՝ ինչպես Երևանի կառավարման համակարգն է, նույն կառավարումը պետք է լինի շրջաններում: Մարզպետական ինստիտուտը ամբողջությամբ պետք է վերանայվի, մարզպետը պետք է ընդամենը լինի կառավարության ներկայացուցիչը կամ գործադիրի «աչքերը» տեղերում՝ առանց որևէ լիազորությունների, որը գուբերնատորի իրավունքներ է վերապահում, կամ վարչական մի հսկայական լծակներ է տրամադրում մարզպետներին; Սա սկզբունքային հարց է»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Նա միաժամանակ նշեց, որ ՏԻՄ-երը պետք է ֆինանսապես կայուն լինեն, որը հնարավորություն կտա ապահովել համայնքի բնակիչների կենսամակարդակի աճ: Սրանք, ըստ Ա.Մինասյանի, այն կարևոր գործոններն են, որոնք կարող ենք հիմք դառնալ տեղական ինքնակառավարման նոր մոդելի որդեգրման հարցում, այլ ոչ թե արհեստական միավորումները:
Պատգամավորը նաև ասաց, որ առհասարակ հանրաքվեն ժողովրդավարության բարձրագույն ձև է և չի կարելի նսեմացնել այս ինստիտուտը: «Պատկերացնում եք, որ համայնքների բնակիչներին ասում ենք՝ կապ չունի դուք կողմ եք, դեմ եք, միևնույն է, եթե իշխանությունը որոշեց՝ փոխվում է: Ուստի կարծում եմ, որ համայնքների խոշորացումից պետք է ձեռնպահ մնալ առնվազն մինչև սահմանադրական փոփոխությունները: Կամ՝ Կառավությունը պետք է հայտարարի , որ եթե բացասական լինի հանրության կարծիքը, ինչը հնարավորություն կտա դեմ արտահայտվողներին հստակորեն իրականացնելու թե քարոզչություն «դեմ»-ի, թե համոզված «դեմ» լինել, որ իր կարծիքը հաշվի է առնվում»,- ասաց Ա.Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան