Բորուջերդի. Իրանի անվտանգության հարցում իրանահայ համայնքն ավելի բծախնդիր է, քան մյուս համայնքները
«Իրանի անվտանգության հարցում իրանահայ համայնքն ավելի բծախնդիր է, քան մյուս համայնքները»,-այդ մասին Թեհրանի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Համաձայն հաղորդագրության՝ իրանցի խորհրդարանականը, Թեհրանի Հայոց ազգային առաջնորդարան կատարած այցի շրջանակներում իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, շեշտելով Իրանի ներքին կյանքում իրանահայերի ունեցած կարևոր դերը, նշել է, որ իրանաիրաքյան պատերազմի տարիներին առաջին գծում կռված հայ տղաների կողքին քիչ չէին նաև իրանահայ արհեստավորները, որոնք կամավորական ջոկատներով մեկնում էին դիրքեր և տեխնիկական աջակցություն ցուցաբերում զորքերին:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը: