Ովքե՞ր են 2015թ-ի առաջին եռամսյակի ամենախոշոր հարկատուները. հրապարակվել է ցանկը
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2015 թվականի առաջին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ըստ դրա՝ Հայաստանում ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 15 մլրդ 077.6 միլիոն դրամի հարկ։
Հաջորդ խոշոր հարկատուն Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն է, որն ի դեպ 2014-ի առաջին եռամսյակում գտնվում էր 8-րդ հորիզոնականում: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետբյուջե է վճարել մոտ 4.6 մլրդ դրամի հարկեր, որը 2.5 անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուծած հարկերը։
Երրորդ տեղում է «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունը, որը վճարել է շուրջ 4.2 մլրդ դրամի հարկեր: Չորրորդ տեղում հայտնվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (4 մլրդ դրամ), հինգերորդում` «Ալեքս գրիգ»-ը (3.9 միլիարդ դրամ):
Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ֆլեշ» ընկերությունը, որը վճարել է շուրջ 3.2 մլրդ դրամի չափով հարկ, «Գրանդ-տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը ( 2.5 մլրդ դրամ), ՀԱԷԿ-ը (1 մլրդ 998 մլն 978.9 հազար դրամ), «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն» (1 մլրդ 983 մլն 152.7 հազ.) և «Ռենկո Արմէստեյտ» (1 մլրդ 956 մլն 891.3 հազար դրամ) ընկերությունները: