Ֆրանկ Էնգել. Արցախն ավելի ժողովրդավարական չափանիշներով է ապրում, քան այսպես կոչված ժողովրդավարական Ադրբեջանը
«Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները կատարյալ են, թափանցիկ, համապատասխանում են միջազգային չափանիշներին, որոնք կիրառվում են Եվրոպայում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական հնչեցրեց ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից կազմված միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը:
«Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Արցախի ժողովուրդն ապրում է ժողովրդավարական ստանդարտներով»,- նշեց նա:
Ֆ. Էնգելը նշեց, որ ընտրությունների ընթացքում որևէ միջադեպ, հատուկ դեպք չի եղել, որ կցանկանար ներկայացներ: Նա նաև կարևորեց ընտրություններին 71 տոկոս մասնակցությունը, ինչը, նրա գնահատմամբ, կարևոր փաստ է ոչ միայն այս երկրում, այլ բոլոր երկրներում:
«Երկրորդ կարևոր փաստը, որ ուզում եմ նշել, 2013 թվականի աշնանը Ադրբեջանը ձևեր թափեց , որ նախագահական ընտրություններ է կազմակերպվում: Ի տարբերություն Արցախի` Ադրբեջանում մինչև ընտրությունների ավարտն արդեն գիտեին ընտրությունների արդյուքը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս ամենը ցույց է տալիս, որ Արցախում ավելի ժողովրդավարական չափանիշներով են ապրում, քան այսպես կոչված ժողովրդավարական Ադրբեջանը:
Ֆ. Էնգելի խոսքով, ցավում է, որ եվրոպական մի քանի երկրները հայտարարել են, որ չեն պատրաստվում ընդունել կամ հաստատել Արցախում կայացած ընտրությունները:
«Պարզապես հետաքրքիր է՝ ինչպես կարելի է չընդունել այսպես կատարյալ, թափանցիկ կազմակերպված ընտրությունները: Եթե ընտրությունները կազմակերպված լինեին ադրբեջանական ստանդարտներով, միգուցե կասեին, որ դեմոկրական բացթողում է, բայց ես տեսա, թե որքան կատարյալ էր ամեն ինչ կազմակերպված: Կամ եթե ընդհանրապես ընտրություններ չկազմակերպեին, կդատապարտեին՝ նշելով, որ որևէ ընտրություն չեն կարողանում կազմակերպել»,- ասաց նա: