ԲՀԿ նախագահը հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի և նրա ընտանիքի անդամների հետ, ովքեր եկել իրենց շնորահակալությունն են հայտնել Նաիրա Զոհրաբյանին՝ Հակոբի գերության ողջ ընթացքում որպես ԵԽԽՎ պատգամավոր, միջազգային տարբեր կառույցներում այդ հարցը մշտապես բարձրացնելու և Հակոբի վերադարձը կամ երրորդ երկիր, կամ Հայաստան ապահովելու համար: Այս մասին հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:
Հակոբ Ինջիղուլյանն ու զինվորի ընտանիքը բարձր են գնահատել Հակոբի՝ հայրենիք վերադառնալու գործում Նաիրա Զոհրաբյանի կատարած աշխատանքը միջազգային կառույցներում:
Տիկին Զոհրաբյանը հավաստիացրել է, որ դա իր պարտքն է ոչ միայն որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, այլ որպես ՀՀ քաղաքացի, որպեսզի գերության մեջ հայտնված հայ զինվորը անվնաս վերադառնա հայրենիք, ինչը, ցավոք, չհաջողվեց անել որոշ այլ գերիների դեպքում:
Հակոբ Ինջիղուլյանը տեղեկացրել է նաև, որ սովորում է Ամերիկյան Համալսարանի՝ միջազգային հարաբերությունների նախապատրաստական բաժնում, ինչը ԲՀԿ նախագահը համարել է անչափ կարևոր: