Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հումմաթովի ուղերձը զայրացրել է Ադրբեջանին
«Ալի Աքրամ Հումմաթովի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունը արժանացել է Ադրբեջանի իշխանությունների խիստ հակազդեցությունը»,-այդ մասին նշված է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության կայքում:
Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ Ալի Աքրամ Հումմաթովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից առթիվ ուղերձ էր հղել հայ ժողովորդին, որտեղ մասնավորապես նշվում էր. «Օսմանցի պանթյուրքիստները, կոտորելով 1,5 միլիոն հայերի, չկարողացան այս ժողովրդին ծնկի բերել. վկան այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է, ժողովրդավարական այս երկիրը: Մենք՝ թալիշներս, ժողովրդի նկատմամբ իրագործված գազանությունների մասին լսելով չէ միայն, որ գիտենք. որովհետև մենք ինքներս երեկ և այսօր էլ դեռևս մեր իսկ հայրենիքում, որ ներկայիս Ադրբեջանի հարավային մասն է զբաղեցնում, ենթարկվում ենք անմարդկային հալածանքների ու բռնությունների: Թող ամենակարող Աստված հայ ժողովրդին համբերությամբ զինի. որովհետև հեռու չէ այն օրը, երբ հայ և թալիշ ժողովուրդները բարեկամության իրենց տոնը կնշեն Ադրբեջանի լծից ազատագրված Թալիշստանում՝ մեր փառապանծ մայրաքաղաքում՝ Լանքոնում (Լենքորան): Թալիշ ժողովուրդը ձեզ հետ է, եղբայրական հա՛յ ժողովուրդ»:
«ԻՌԻԲ»-ի փոխանցմամբ՝ Ալի Աքրամ Հումմաթովի վերոնշյալ հայտարարությունն արժանացել է Ադրբեջանի կառավարության, կուսակցությունների և խորհրդարանի խիստ հակազդեցությունը:
«Եվ այն բանից հետո, երբ Ալի Աքրամ Հումմաթովը խոսեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին, Ադրբեջանի քաղաքական շրջանակները շարունակեցին բողոքել նրա և թալիշ ժողովրդի դեմ: Ադրբեջանցի մի խումբ պետական պաշտոնյաներ, դատապարտելով Հումմաթովի հայտարարությունը, սկսեցին վարկաբեկել թալիշների ազգային հերոսին»,-նշում է իրանական աղբյուրը:
«ԻՌԻԲ»-ի փոխանցմամբ՝ Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ Ալի Աքրամ Հումմաթովն ու իր ընտանիքը զրկված են Ադրբեջանի քաղաքացիությունից և աքսորյալի կարգավիճակով գտնվում են Եվրոպայում:
Հիշեցնենք, որ 2013թ, հոկտեմբերին Ալի Աքրամ Հումմաթովը այցելել էր Հայաստան և Արցախ: