Գյուղապետը՝ պոչամբարի մասին. «Ապատեղեկատվությունից էլ եմ հոգնել, կլյաուզնիկ բաներից էլ»
«Այրում/Ճոճկան-Դեմ ենք նոր պոչամբարին» ֆեյսբուքյան խմբում ֆլեշմոբ է իրականացվում: «ԴԵՄ ԵՄ ՊՈՉԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ. S.O.S. ՄԵԾ ԱՅՐՈՒՄ» գրությամբ պաստառով մարդիկ լուսանկարվում են ու տեղադրում խմբում: Նախաձեռնությանը միացել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում երեխաներ:
Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը Panorama.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ արդեն հոգնել է այդ թեմայից:
«Ես հոգնել եմ, էնքան էս հարցերին պատասխանել եմ, փորձեմ մի հատ էլ ուժ գտնեմ ու պատասխանեմ: Իրոք, ձեզ ընկերաբար ասում եմ, ապատեղեկատվությունից էլ եմ հոգնել, կլյաուզնիկ բաներից էլ եմ հոգնել»,-ասաց համայնքի ղեկավարը, ավելացնելով, որ պոչամբարի կառուցման դեմ ստորագրածներից շատերը՝ «50 տոկոսը» չեն էլ իմացել, թե ինչի տակ են ստորագրել:
Գյուղապետը նշեց, որ չի կարելի ասել, միանշանակ բոլորը կողմ են կամ դեմ պոչամբարի կառուցմանը:
Նա ասաց, որ պոչամբարի համար դեռ հողահատկացում էլ չի եղել, հանրային քննարկումներ չեն եղել, լսումներ չեն կազմակերպել. «Կառավարության միջգերատեսչական դրական եզրակացությունը կա, ուղարկվել է համայնքին, այս պահին էդքանը»:
Panorama.am-ի զրուցակիցը հայտնեց, այս պահին առավել վտանգավոր է հին պոչամբարի շահագործումը, որը հենց գյուղին կպած է, որի հարևանությամբ ապրում է ինքը:
Հիշեցնենք, որ համայնքի բնակիչները դժգոհում էին, որ հաճախ են սրտխառնոց ու գլխացավեր ունենում՝ դա կապելով պոչամբարի հետևանքով օդի աղտոտվածության հետ:
«Գործող պոչամբարին ամենամոտ տունն իմն է: Աաա, ես չգիտեմ, էնքան ամբողջ օրը ծանրաբեռնված եմ աշխատում, չգիտեմ գլխացավը դրանի՞ց է, թե՞ ոչ»,-ասաց Նազարյանն ու ավելացրեց, որ ընտանիքի անդամների մոտ էլ արտառոց բաներ չի նկատել:
Նազարյանը խնդրում է իր առողջության ու շրջակա միջավայրի մասին հարցեր չտալ, դրանով պետք է զբաղվեն առողջապահության ու բնապահպանության նախարարությունները:
Համայնքի ղեկավարն ասում է, որ ինքը «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի ղեկավարությանը պոչամբար կառուցելու դիմաց սոցիալական ծրագիր է ներկայացրել. «Ես դա պահանջում եմ, որպես համայնքի բնակիչ ու ղեկավար՝ աշխատատեղերի ստեղծում, գյուղի համար խմելու ջուր ենք քաշում, լինի համաֆինանսավորում, ճանապարհների վերանորոգում, դպրոցին ֆինանսական ու գույքային օգնություն, բուժկետի վերանորոգման խնդիր ունենք և այլն, այլն: Սոցիալական ծրագիր մշակել ենք, կոնկրետ կներկայացնենք ընկերությանը: Կկատարե՞ն, կսկսենք քննարկել ժողովրդի հետ»:
Նախորդող հրապարակում՝
Մեծ Այրում և Ճոճկան համայնքներին սպառնում է նոր վտանգ. բնակիչներն ահազանգում են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները