Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առիթ չկա. Թաթուլ Մանասերյան
«Միգուցե ես սխալվում եմ, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ միջազգային կառույցները պարտադրում են Հայաստանին, որպեսզի արժույթի արժեզրկման պայմաններում էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկները կատարեն դոլարով, որպեսզի այսպես կոչված մրցակցային դաշտ ապահովեն հետխորհրդային տարածքում, կամ գները համադրելի դարձնեն տարբեր երկրների միջև»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը:
Նշենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու առաջարկել վերանայել էլեկտրաէներգիայի գործող սակագինը: Այդպիսով, ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագինը առաջարկում է գործող 42 դրամից դարձնել 48 դրամ:
Տնտեսագետի խոսքերով՝ փորձագետները, պետական կառույցները բավարար համարձակություն պետք է ունենան, որպեսզի հեղինակավոր կառույցներին հակափաստարկներ ներկայացնեն առ այն, որ արժույթով հաշվարկման դեպքում պետք է հաշվի առնել ժողովրդի գնողունակության մակարդակը, սոցիալական վիճակը, աղքատության մակարդակը, որը վերջին տարիներին աճել է:
«Մեզ թող չպարտադրեն խաղի կանոններ: Ես կարծում եմ, որ այստեղ պետությունը, կառավարությունը պետք է բավարար համարձակություն և կամք դրսևորի հակազդելու արտաքին ճնշումներին»,-ասաց Թ.Մանասերյանը:
Նա նաև նշեց, որ ներքին գործոններով պայմանավորված վերլուծությունները ևս ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առիթ չկա: Հակառակը, ըստ նրա, էլեկտրակայաններ կան, որոնց արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը բավականին ցածր է, ուստի վրդովմունքն է առաջացնում, թե ինչո՞ւ պետք է այդ էլեկտրաէներգիան սպառողներին հասնի ավելի բարձր սակագնով:
Թեմային առնչվող հրապարակում՝
Էլէներգիայի գինը բարձրացնելու մասին հայտը ՀԾԿՀ-ն կհաստատի, քանի որ կամքի պակաս ունի. Տնտեսագետ