Վիգեն Սարգսյան. Մեր ձայնը տեղ է հասել, բարձրացրած խնդիրները կատարվել են
«Մեր ձայնը տեղ է հասել, բարձրացրած խնդիրները, իրազեկման խնդիրը լիարժեքորեն կատարվել է: Արձագանքը մեր սպասածից լայն էր ու լսելի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը:
Ըստ նրա, ապրիլի 22-24 Հայաստանում անցկացված բոլոր միջոցառումները ծառայել են իրենց նպատակին՝ միջազգային իրազեկվածության մակարդակի բարձրացում, Հայոց ցեղասպանության խնդիրը ցեղասպանության հանցագործության դեմ ավելի ընդհանրական համատեքսում ներկայացում:
Վ. Սարգսյանը կարևորեց ապրիլի 22-23-ին Երևանում անցկացած ֆորումը, որը դարձավ կարևոր քայլ ցեղասապանության հանցագործության դեմ միջազգային պայքարի գործում: Նրա խոսքով, այդ մասին են ասել նաև համաժողովի մասնակիցները:
«Մասնակիցներն արձանագրեցին, որ ֆորումի օրերին միջազգային հանարության ձայնը լսելի դարձավ, Հայոց ցեղասպանության թեման, ցեղասպանության հանցագործության խնդիրը, որն արդիական է նաև այսօր, դարձել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնական խնդիրը: Խորհրդանշական է միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Օկամպոյի առաջարկը, կոչը Հայաստանին՝ վերցնել առաջնորդի դերակատարումը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի գործընթացում»,- ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգողը:
Նա նաև կարևորեց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը գաղափարական, հոգևոր, ազգային առումով համախմբման, միասնականության կարևոր դրսևորում էր:
Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը չի ավարտվում ապրիլի 24-ի միջոցառումներով: Արդեն հաջորդ օրվանից, ըստ Վ. Սարգսյանի, աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում միջոցառումներ:
«Միջոցառումները շարունակվելու են մինչև տարեվերջ, մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը: Ունենք, մշակութային, քաղաքական միջոցառումների հստակ ծրագիր»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ բոլոր միջոցառումներն իրականացվում են նվիրատվությունների հաշվին. «Յուրաքանչյուրը ստանձնեց մի ուղղություն՝ սկսած գրահրատարակչությունից մինչև ֆիլմարտադրություն, համերգներից մինչև սրբադասման արարողություն, գլոբալ ֆորում: Մեկենասությունը նման ծրագրերի կարևորագույն շարժիչ ուժն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան