Այս տարի «Արմմոնո-Կլաս» ծրագրին դպրոցականներ են մասնակցել
«Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 13-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվել է 29 ներկայացում (ԱՄՆ, Քուվեյթ, Մարոկո, Եգիպտոս, Բուլղարիա, Լեհաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Իրան, Հայաստան): Այն անց է կացրել Հայաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 6-11-ը Երևանում՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ «Արմմոնո» փառատոնը բացել է Մ. Միտուայի «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումը՝ երիտասարդ դերասան Արեգ Գևորգյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Գ. Մարգարյան):
ԱՄՆ-ից ժամանած դերասան, երգիչ Բրեմներ Ֆլետչեր Դատին ցուցադրել է «Կաբարե» մոնոներկայացումը, որտեղ նա համադրում էր օպերային երգեցողություն, դերասանի վարպետություն և պլաստիկա:
Հայ թատերասեր հանրությանն արդեն ծանոթ ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովան ներկայացել է «Շտո-ս» մոնոներկայացումով, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր միջազգային թատերական փառատոներում:
Ի. Եվդոկիմովան ներկայացել է նաև «Սպիտակ վալս» գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին: Դերասանուհի Ելենա Դուդիչը (Բելառուս) ներկայացել է «Մռնչացող ճնճղուկը» մոնոներկայացումով:
Փառատոնի շրջանակներում ցուցադրվել է 2 մոնոներկայացում Լեհաստանից. դերասանուհի Վիոլետ Կոմարը հայ հանդիսատեսին ներկայացրել է Ս. Քեյնի «Պսիխոզ» և Մ. Գաուերի «Դիվա» մոնոներկայացումները:
Դերասան Գեորգի Գոտսինը (Բուլղարիա) ներկայացել է «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ:
Այս տարի փառատոնի օրերին անցկացվել է «Արաբական երկրների օր»: Հայ հանդիսատեսը ծանոթացել է արդի արաբական թատրոնի զարգացումներին:
Փառատոնին մասնակցել են նաև Զարուհի Խաչատրյանը՝ «Անլռելի զանգակատուն» (ըստ` Պ. Սևակի) գրական-երաժշտական կոմպոզիցիայով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Նորա Բադալյանը՝ «Քիչ ավելի, քիչ պակաս», Ագնեսա Շահնազարյանը՝ «Շատերից մեկը», Հասմիկ Տեր-Կարապետյանը՝ «Ժամանակի վարագույրը», Արամ Գյուրջյանը՝ «Մամուլի ասուլիս» մոնոներկայացումներով:
«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում հանդես են եկել Արինե Սուքիասյանը՝ «Անկում վերելքի համար», Հռիփսիմե Շահինյանը՝ «Ինչպես չբեմադրվեց» մոնոներկայացումներով: «Արմմոնո-Դեբյուտ» ծրագիրն այս տարի կազմվել էր համատեղ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի. ցուցադրվեցին ուսանողական աշխատանքներ:
«Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում ներկայացվել են նախորդ տարվա հաջողություն ունեցած ներկայացումները: 2014թ. մոնոներկայացումների միջազգային փառատոների է մասնակցել Արա Գևորգյանը. «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումը ցուցադրվել է «ATSPINDIS» IX (Լիտվա), ինչպես նաև Մոլդովայի միջազգային թատերական փառատոներում:
2014թ. հաջողություն ունեցած «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրի մասնակից Նարեկ Հարությունյանն այս տարի «Ռոմեո» մոնոներկայացումը ցուցադրել է «Արմմոնո-Տրիումֆ»-ում նոր մեկնաբանությամբ:
2015թ. փառատոնի նորամուծություններից էր «Արմմոնո-Կլաս» ծրագիրը, որտեղ մասնակցում են դպրոցականներ. Ա. Պուշկինի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտները:
«Արմմոնո» փառատոնի հյուրերի թվում են եղել մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան):