ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն է վերընտրվել Արմեն Սաղաթելյանը
Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրել է երկրահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Արմեն Սաղաթելյանը 188 գիտական աշխատության, այդ թվում` 3 գրքի և 3 ուսումնական ձեռնարկի հեղինակ է: «Էկոլոգիական բացատրական բառարանի» գլխավոր խմբագիրն է:
Արմեն Սաղաթելյանը Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրենն է: Կենտրոնը ղեկավարում է սկսած 1993թ-ից: 1975-1979թթ. ՀՍՍՀ Երկրաբանության վարչության Փամբակի երկրաբանա-հետազոտական արշավախմբում եղել է ինժեներ-երկրաբան, 1979-1983թթ.` Հյուսիսային Օսեթիայում ԽՍՀՄ Երկրաբանական նախարարության Հազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրքաիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտի ավագ ինժեներ, ապա` երկրաբան, ջոկատի պետ, 1983-1989թթ.` ԽՍՀՄ Երկրաբանական նախարարության Հազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրքաիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտի Անդրկովկասյան երկրաբանաերկրաքիմիական պարտիայի պետ, 1989-1993թթ.` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում առաջատար գիտաշխատող, ապա` լաբորատորիաի վարիչ:
Արմեն Սաղաթելյանը UNESCO-ի «Մարդ և կենսոլորտ» (MAB) ազգային կոմիտեի եւ «Medical Geology» միջազգային ասոցիացիայի Հայկական մասնաճյուղի նախագահն է: 2010թ-ից ղեկավարում է իր կողմից հիմնադրված ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Բնապահպաիություն և բնօգտագործում» մագիստրական ուսուցման ամբիոնը: