Բերբերյան. Կաթի մթերման գնի իջեցման հետևանքով ֆերմերները կրճատում են անասնագլխաքանակը
Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը շատ մտահոգված է կաթի մթերման գներով: Այս մասին Panorama.am-ին հայտնեց միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Մոտ օրերս հայտարարությամբ ենք հանդես գալու: 4-5 գործարան շուկայում գին են թելադրում, սա էն դեպքում երբ խանութներում պարզ չի, մաքուր կաթից պատրաստված արտադրանք է վաճառվո՞ւմ, թե՞ ոչ»,-ասաց Բերբերյանը:
Բերբերյանի տեղեկություններով, Վարդենիսի շրջանի գյուղերից կաթը մթերում են 130 դրամով: Ի դեպ, խմբագրությունը Ստեփանավանի շրջանի գյուղացիներից տեղեկացավ, որ այնտեղ մեկ լիտր կաթի դիմաց իրենց վճարում են 110 դրամ:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ամասիայի ու Աշոցքի շրջաններից կաթը կմթերվի 160 դրամով:
«2013-2014 թվականների ընթացքում Հայաստան է ներկրվել 1600 տոննա կաթի փոշի: Այսինքն գործարարներին ձեռնտու է կաթի փոշու հաշվին արտադրանք տալ ու գյուղացուց մթերվող կաթի գինը ստիպողաբար իջեցնել»,-ասաց Բերբերյանը:
Միավորման նախագահը նորմալ չի համարում կաթի մթերման գնի իջեցումը, իսկ դրա օգտին խոսացողներին կոչ է անում իրեն ներկայացնել տեխնոլոգիաները, իսկ ինքը մասնագիտական խոր վերլուծություններ կանի:
«Եթե կաթի գինը շուկայում ընկել է, ուրեմն կաթնամթերքի գինն էլ խանութներում պետք է իջնի, մենք էլ ուրիշ խոսելու բան չունենք»,-ասաց նա:
Բերբերյանի խոսքով, կաթի մթերման գնի նվազումը բերելու է անասնագլխաքանակի նվազմանը:
«Մենք ունենք ֆերմերներ, որոնք եկել են մեր միավորում, հայտարարել են, որ անասունների գլխաքանակը կրճատելու են: Շահութաբեր չի 130 դրամով կաթ վաճառելը: Վարդենիսի մեր ֆերմերներն են: Այս առումով վիճակը հանրապետությունում դրական ոչ մի բանի մասին չի խոսում»,-ասաց Բերբերյանը:
Թեմայի մասին կարդացեք նաև՝
Ինչո՞ւ չի էժանանում կաթնամթերքը. Գյուղացիների հարցը
Կաթի մթերման գինը կրկին իջացրել են. «Ոնց որ գյուղացին աշխատի ուրիշի համար»
«Ոնց որ ասեն, դու գնա կործանվի». «Մարիաննա»-ի տնօրենը՝ գյուղացիների բողոքի մասին