Կադաստրի պետական կոմիտեն և պետական որոշ բուհեր կհամագործակցեն
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի և ՀՀ պետական մի շարք բուհերի ռեկտորների միջև այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն:
Մասնավորապես, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը Համագործակցության հուշագիր ստորագրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի ստեղծման կարևորագույն խնդիրներից մեկը կադաստրի համակարգի համար կադրային բազայի ստեղծումն է: Կենտրոնում կազմակերպվող դասընթացների միջոցով վերոհիշյալ բուհերի ուսանողներին և շրջանավարտներին այսուհետ հնարավորություն կտրվի մասնակցելու դասընթացներին, գործնական պարապմունքներին, ձեռք բերել խորացված մասնագիտական գիտելիքներ և հմտություններ: Համալրելով համակարգի կադրային բազան` վերջիններս հնարավորություն կունենան օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի անցնել կադաստրի համակարգում:
«Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կադաստրի պետական կոմիտեն իրականացնում է ուսանողների և շրջանավարտների վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացը հետևյալ ոլորտներում` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անշարժ գույքի գնահատում, հաշվառում (չափագրում), հողաշինարարություն, գեոդեզիա և քարտեզագրություն, ինչպես նաև անշարժ գույքի շուկայի հետ կապված այլ ոլորտներում:
Համաձայն ստորագրվող հուշագրի` կադաստրի պետական կոմիտեի մասնագետների ներգրավմամբ, համալսարանների մասնագիտական ամբիոնների դասախոսների հետ համատեղ, ուսումնական պլաններին համապատասխան, կենտրոնում կկազմակերպվեն գործնական պարապմունքներ, կանցկացվեն ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ:
Համագործակցության հուշագրի շրջանակներում կադաստրի պետական կոմիտեն կապահովի նաև կադաստրի ոլորտի մասնագետների ներգրավումը բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական աշխատանքների իրականացման գործընթացում, իսկ հուշագրի կողմ հանդիսացող բուհերը կօժանդակեն ուսանողների և շրջանավարտների ներգրավմանը «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի կողմից իրականացվող ուսումնական դասընթացներին: Օրենսդրությամբ սահմանված կարգով հուշագրի ստորագրումից հետո բուհերը կաջակցեն կադաստրի պետական կոմիտեին համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու գործընթացում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա