Սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխելու որոշում հայ համայնքում դեռ չի կայացվել. Ֆիրդուս Զաքարյան
Սիրիայում ուսումնական տարին կավարտվի մայիսի 12-ին և եթե հայ համայնքում որոշում կայացվի, որ երեխաներին պետք է տեղափոխել Հայաստան, բնականաբար, ՀՀ կառավարությունը կարձագանքի այդ որոշմանը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Հարցին, թե խոստացված ինքնաթիռը ինչո՞ւ չի ուղարկվում Սիրիա, Ֆ. Զաքարյանը նշեց, որ եթե որոշում կայացնեն, բնականաբար, նման օգնություն Հայաստանից կարող է լինել. «Սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ այս պահին որևէ մեկը չի կարող երաշխավորել անվտանգությունը: Բայց մենք նման փորձ ունենք, երեք տարի առաջ պատերազմական թեժ իրավիճակում հալեպահայ երեխաներին բերեցինք Հայաստան ամառային հանգստի»:
Նրա խոսքերով՝ առանձին անհատների որոշումը պետք է դառնա ընդհանրական. «Հնարավոր չէ մեկ կամ երկու հոգի ցանկություն հայտնեն գալ Հայաստան և դա տարածվի բոլորի վրա: Պետք է ընդհանրական որոշում լինի և այն ազգային իշխանությունների միջոցով ուղղվի ՀՀ կառավարությանը, որից հետո արդեն կառավարությունը կարձագանքի դրան»:
Ըստ նրա՝ վերջին օրերին Սիրիայում հարաբերական խաղաղ վիճակ է, թեև ամեն վայրկյան կարող է իրավիճակը փոխվել:
«Ուղղակի պետք է խուճապի չմատնվել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երբ մոտ մեկ ամիս առաջ Սիրիայում բնակվող հայերից շատերը տարբեր սոցցանցերում հնչեցրել էին կոչեր` հայ երեխաներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին: Կոչին արձագանքել էր ՀՀ վարչապետը՝ հայտարարելով, որ կառավարությունն էլ պատրաստ է ընդունել և անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար:
Երեկ էլ Ազգային ժողովում մեկնարկած արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձրացրել է Հալեպում սիրիահայերի խնդիրը:
«Մեր ունեցած տվյալների համաձայն, Հալեպում ստեղծվել է շատ ծանր վիճակ հայ բնակչության համար, շուրջ 30 հազար հայ կանգնած է ֆիզիկական ոչնչացման եզրին այնտեղ կատարվող մարտական գործողությունների պատճառով»,-հայտարարել է Լ. Զուրաբյանը և կոչ էր արել համատեղ ուժերով լուծումներ գտնել սիրիահայերի համար:
Նախորդող հրապարակում՝
Սիրիահայերի մասին Զուրաբյանի առաջարկը ԱԺ նախագահը անպատասխան թողեց (տեսանյութ)
Սիրիահայի մտորումներ. Ինչպես դուրս գալ Հալեպից
Հալեպի ազգային իշխանությունները դեռ չեն որոշել սիրիահայ երեխաներին Հայաստան ուղարկել