«Haaretz». Այո, դա Ցեղասպանություն է
Իսրայելական առաջատար Haaretz պարբերականը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` պնդելով, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործվածը Ցեղասպանություն է, և Իսրայելը պետք է ճանաչի այդ պատմական իրողությունը:
«Երևանի կենտրոնի մեծ հրապարակից սկսվեց ջահերով լուռ երթը դեպի բլուրի գագաթին խոյացած հուշահամալիր: Հազարավոր մարդիկ դանդաղ քայլքով սառը անձրի տակ տանում էին մոմեր և դրոշներ: Հենց այդ օրը, 2015 թ ապրիլի 24-ին` զանգվածային սպանությունների հարյուրամյա տարելիցին, նրանք ցանկանում էին ծաղիկներ խոնարհել հուշահամալիրի կենտրոնում գտնվող անմար կրակին: Հարյուր հազարավոր մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր չէր դադարում: Մենք շունչներս պահած նրանց կողմն էինք նայում: Այս ոգեկոչման արարողությունը ցույց տվեց, որ պատմության այդ գլուխը չի կարելի ջնջել ոչ հայոց և ոչ էլ համաշխարհային պատմության էջերից»,- գրում է պարբերականը:
Հաջորդիվ պարբերականը նկատում է, որ ինքնին ոգեկոչման հանգամանքից զատ անչափ տպավորիչ էր նաև հայերին իրենց զորակցությունը հայտնելու համար Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի Հանրապետության և Սերբիայի նախագահների, ինչպես նաև ավելի քան 60 երկրների պատվիրակների Երևան ժամանելը:
Անդրադառնալով հարյուրամյակի կապակցությամբ միջազգային հանրության արձագանքին` պարբերականը նկատում է, որ կարևոր նշանակություն ունի Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ սկսված քննարկումները և ելույթները, իսկ դրանից առաջ էլ Հռոմի պապի կողմից` հայերի հետ տեղի ունեցածը որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն ճանաչելը:
«Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների հարյուրամյակի նախաշեմին Հայաստանը մեծ ջանք է գործադրել Ցեղասպանության միջազգային ճանաչմանն հասնելուն: Հայերի համար, ինչպես նաև նրանց ազգային ինքնության համար դա շատ կարևոր է: Թվում է` նրանք այդպես էլ դեռ ուշքի չեն եկել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը կիսով չափ ոչնչացվեց: Այսօր հայերը ապրում են այդ հիշողությամբ»,- գրում է պարբերականը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Իսրայելի պաշտոնական դիրքորոշմանը` պարբերականը նկատում է, որ վերաբերմունքը 1915-19թթ-ին տեղի ունեցած իրադարձություններին միանշանակ չէ, հետևաբար միշտ Իսրայելում խուսափողական ձևակերպումներ են հնչեցվել:
«Տանսյակ տարիներ Իսրայելը պաշտոնապես խուսափել է Ցեղասպանություն եզրույթի գործածումից, բավարարվելով ավելի մեղմ ձևակերպումներով, ինչպես օրինակ «ողբերգություն», «մեծ եղեռն»: Նման վարքագիծը բացատրվում է Թուրքիայի կողմից գործադրվող ճնշումներով: Չէ, որ եթե սպանություն է եղել, ուրեմն սպանող էլ է եղել: Ի հավելումն այս ամենին, կար նաև մտահոգություն, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կխամրեցնի Հոլոքոստի բացառիկությունը: Քնեսեթում ժամանակ առ ժամանակ քննարկումներ են ծավալվել, սակայն առանց որևէ արդյունքի: ԱՄՆ-ում էլ հրեական լոբբին հանդես էր գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ»,- գրում է պարբերականը:
Այս համատեքստում պարբերականը նկատում է, որ հայ-իսրայելական հարաբերությունները ձգվում են արդեն տարիներ շարունակ, սակայն առանց որևէ լուրջ զարգացումների, չնայած որ եղել են նաև երկկողմ այցեր և հանդիպումներ:
«Այդուհանդերձ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մենք պնդում ենք` ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հենց այսօր և այստեղ: Հայերի և հրեաների ողբերգությունների սարսափելի նման են իրար: Դեռ 1917 թվականին Սառա Աարոնսոնը գրել էր, որ Հրեա ժողովուրդին Օսմանյան կայսրության կազմում նույն ճակատագիրն է սպասում, ինչ հայերին: Երկու դեպքում էլ խոսքը կրոնական փոքրամասնության մասին է, երկու դեպքում էլ Ցեղասպանությունը տեղի է ունեցել Առաջին համաշխարհայինի տարիներին, երկու դեպքում էլ մարդասպանները դիմում էին տեղացի բնակիչների օգնությանը` հետագայում կատարվածի պատասխանատվությունը կրելուց խուսափելու համար»,- գրում է պարբերականը:
Պարբերականի գնահատմամբ` հարյուրամյակի ոգեկոչման արարողություններին իսրայելական պատվիրակության ներկայությունը առաջընթաց արձանագրելու տեսանկյունից կարևոր քայլ էր հայ-իսրայելական հարաբերություններում:
«Բայց Իսրայելը խուսափում է հաջորդ քայլն անելուց: Արժեքների և շահերի մեջ ընտրություն անելու հարցում մենք գերակայությունը պետք է տանք արժեքներին: Այն ազգը, որը պահանջում է ուրիշներից ճանաչել իր Ցեղասպանությունը, պարտավոր է ընդունել նաև մյուսների հանդեպ իրագործված հանցագործությունները: Արդարացիորեն մենք «Հոլոքոստ» եզրույթի կիրառումը վերապահել ենք մեզ: Բայց մենք իրավունք չունենք աչք փակել դեռևս 20-րդ դարում սկսված և հետագայում շարունակված հայերի կոտորածների վրա, որոնք միլիոնավոր մարդու կյանք խլեցին: Երևանի փողոցներում պաստառներ նկատեցինք, որոնց վրա երկու թիվ էր գրված` 1915 և 1939 հետևյալ ձևակերպումներով «եթե կանխարգելեինք 1915 թվականը, ապա հնարավոր էր, որ չլիներ նաև 1939 թվականը: Հնարավոր է: Իսրայելը չպետք է հարցերն անպատասխան թողնի: Իսկ հարցն առ այն, թե արդյոք եղել է Հայոց ցեղասպանություն, մենք հաստատակամորեն ենք պատասխանում»»,- գրում է Haaretz-ը: