Այս տարի «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը չի կայանա
Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի ու «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտեն որոշում է կայացրել հերթական «Հայակը» 2016 թվականի գարնանն անցկացնելու մասին։ «Հայակ -2016»-ը ամփոփելու է 2014-2015 թվականներին Հայաստանում և արտերկրում արտադրված հայկական ֆիլմերն ու գնահատելու է ոլորտի զարգացումներն ու ձեռքբերումները։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտեից:
Սույն որոշումը պայմանվորված է 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գերհագեցած ու բազմաբնույթ ծրագրերի անցկացումով՝ Հայաստանում ու արտերկրում։
Բացի այդ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պետական աջակցությամբ նկարահանվել և շարունակվում են նկարահանվել մեկ տասնյակից ավելի ֆիլմեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ուստի, կազմկոմիտեն հաշվի առնելով այս հանգամանքը, որոշում է կայացրել հաջորդ տարվա մրցանակբաշխության անվանակարգերի ցանկում ավելացնել առանձին անվանակարգ՝ հատուկ Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի համար։