Ամերիկացի դիտորդներ. ժողովրդավարական ընտրությունները վկայում են, որ ԼՂ-ն անկախ պետություն է, այնտեղ ապրում է անկախ ժողովուրդ
ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցել են թափանցիկ, ազատ, արդար պայմաններում, համապատասխանում է միջազգային չափանիշներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին ՄաքԴոնալդը:
Նա իր խոսքում նշեց, որ այս կարծիքը միայն իրենը չէ, այլ ընտրությունների ընթացքին հետևող ամերիկացի բոլոր դիտորդների գնահատականը:
«Տպավորված եմ պրոֆեսիոնալիզմով ու նվիրվածությամբ, որ նկատեցինք ողջ գործընթացում»,- ասաց նա:
Ամերիկացի դիտորդը ողջունեց մեծ թվով կանանց ներգրավվածությունը ինչպես ընտրական գործընթացները կազմակերպելու, հետևելու գործում, այնպես էլ հենց կին թեկնածուների առկայությունը:
«Ընտրությունները մրցակցային էին: Արցախում անցկացված ընտությունները դիտարկում ենք որպես ժողովրդավարության օրինակ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ընտրությունները վկայում են, որ ԼՂՀ ժողովրդավարական երկիր է:
Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի աշխատակից ԳեյլԼ. Պելերինը նույնպես նշեց, որ ընտրություններն անցկացվել են արդար, անվտանգ մթնոլորտում, ինչպես սովորաբար անցկացվում են այլ երկրներում:
Նա նաև նշեց, որ վերադառնալով Կալիֆորնիա, խնդրելու է Սանտա Կրուզի ղեկավարությանն աջակցել Լեռնային Ղարաբաղին զարգանալ որպես անկախ ու ազատ երկիր:
«Կարծում եմ՝ ԱՄՆ-ում ինչքան շատ ընդունեն բանաձևեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ճանաչեն անկախությունը, ազդեցություն կունենան ամերիկյան ղեկավարության վրա, որ նույնպես ճանաչի»,- նշեց ԳեյլԼ. Պելերինը:
Ըստ նրա, այլ երկրների նման, Լեռնային Ղարաբաղն ունի կառավարություն, ընտրական համակարգ, որը շատ լավ է գործում, ինչպես իսկապես ժողովրդավարական երկիր. «Այս ամենը վկայում է, որ, իրոք, Ղարաբաղում անկախ պետություն է, այնտեղ ապրում է անկախ ժողովուրդ»:
Դևիսի համալսարանի մարդու իրավունքների նախաձեռնության անդամ Քրիսթեն Աբաջյանը նշեց, որ իրենց վերջնական զեկույցում կփորձեն մի քանի խորհուրդներ ներառել, որը կնպաստի ավելի մեծ քանակի մասնակցություն ապահովելու համար: Ըստ նրա, դա կօգնի, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես կարողանան հեշտությամբ մասնակցել ընտրական գործընթացին:
Դիտորդների խոսքով, ԼՂՀ կառավարությունը բաց է խորհուրդներ, առաջարկություններ ընդունելու համար ընտրական գործընթացն էլ ավելի բարելավելու համար: