Աղմկահարույց օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 65 կողմ, 21 ձեռնպահ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ իրենց չի բացատրվել՝ այս օրենքն ինչի՞ համար է:
«Սա փաստորեն, աշխատուժի տեղաշարժի հարկ է ավելի շուտ, իսկ եթե գրանցվում են որպես այստեղի հարկատու, ապա այն չէ, ինչ Կառավարությունն է ասում: Ամենայն հավանականությամբ մարդիկ 13 տոկոս հարկ պետք է մուծեն թե Հայաստանում, թե Ռուսաստանում, իսկ արդյունքը կլինի այն, որ մարդիկ արդեն լրիվ կգնան՝ ավելի մեծ թափով: Սա հակասում է ԵՏՄ պայմանագրին, սա չի կարող դուր գալ ԵՏՄ այլ երկրներին, սա խուլիգանություն է: Կա ԵՏՄ-ի դատարան, որին նույնիսկ կարելի է դիմել: Ուզում եք ասել, հայ ժողովուրդ, ձեր համար ոչ միայն Եվրոպա չկա, այլ նույնիսկ ԵՏՄ չկա: Առաջարկում եմ չքվեարկել, կփոշմանեք»,- նշեց Հ.Բագրատյանը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ կառավարությունն այդպես էլ չներկայացրեց, թե քանի աշխատող է մեկնում արտագնա աշխատանքի ՌԴ, իսկ պետական բյուջեն դրանից ինչ պետք է ստանա:
«Եթե մենք չունենք գնահատական, ապա մենք չենք կարող կողմ քվերարկել: Այս փուլում մենք ձեռնպահ ենք քվեարկելու»,- ասաց պատգամավորը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ այս օրենքի նախագիծը լրատվամիջոցներում և որոշ անձանց կողմից աղավաղված տեսքով է ներկայացվում. «Իրականում այս նախագիծը վատը չի, հակառակը՝ լավն է: Կան թերություններ, որոնք պետք է լրացվեն երկրորդ ընթերցման ժամանակահատվածում: Չասենք բաներ, որոնք այս նախագծում չկան և բացասական ազդեցություն են թողնում հանրության մոտ: Կտրուկ մի մերժեք, կարծում եմ, որ դեմ չի կարելի քվեարկել այս նախագծին»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ կառավարության գործելաոճը «աֆյորայի» է նմանվում, քանի որ տնտեսությանը վերաբերող օրենքները բերվում են հապճեպ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում դրանք պատշաճ կերպով ուսումնասիրել: ՀԱԿ պատգամավորը հանդես եկավ կոչով՝ նշելով, որ եթե պատգամավորը արժանապատվություն ունենա, պետք է կողմ չքվեարկի նախագծին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ ԱԺ են բերվում նախագծեր, որոնք համոզիչ բացատրություն չունեն, ուստի բնական է խորհրդարանի վերաբերմունքը:
«Խնդիրն այն չի, թե ինչ քաղաքական շեշտադրում ունի սա, խնդիրն այն է, որ այսպես չի կարելի աշխատել: Սա լուրջ նախագիծ է, կապ ունի հասարակության շահերի հետ, բայց բերում եք այսպես՝ հընթացս, ոտքի վրա: Չի կարելի է այսպես: Մենք դեմ ենք քվեարկելու»,- նշեց Ռ.Հակոբյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ նախագիծը հասարակության մեջ բացարձակապես սխալ է ընկալվել: Նրա խոսքերով՝ այստեղ միգուցե նաև խորհրդարանն իր մեղքը ունի, ինչպես կառավարության ներկայացուցիչը, ով չկարողացավ հավուր պատշաճի ներկայացնել, թե իրականում նախագիծը ինչի մասին է:
«Բայց քաղաքական ուժերի ներկայացուցիչներին խորհուրդ եմ տալիս գնահատականներ չտալ այն քաղաքական ուժերին, ովքեր առաջնորդվում են իրենց սկզբունքով և արժանապատվության կոչ չանել: Եթե կան քաղաքական ուժեր, որ այլ կերպ են հասկացել նախագիծը, կամ այլ կերպ են ցանկացել հասկանալ, դա չի նշանակում, որ պետք է մոլորեցնել հանրությանը: Նախագիծը բացարձակապես այլ բանի մասին է»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության նախագծով նախատեսվում է՝ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողն աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով, որը պետք է վճարվի Հայաստանում:
Նախագծի վերաբերյալ այլ կարծիքներ՝
«Ազատականացնում ենք տնտեսությունը». Մակարյանը՝ «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունների մասին
Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, քան մարմնավաճառությունը. Վարդան Այվազյան
Բիշարյան. Կոպիտ ասած՝ օրենքի շրջանակներում պարտադրում ենք, որ մարդիկ գնան այլ երկիր աշխատելու. Մանրամասները՝ տեսանյութում
«Բա որ էստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի». Բագրատյան
Միջազգային կառույցների կանխատեսումները մի քիչ վերաապահովագրված են. Կարեն Ճշմարիտյան
«Գնացեք մի օրենք էլ մարմնավաճառների համար բերեք». Արամ Մանուկյան