Տեսնես ի՞նչ է զգում հիմա Սարոյանի ոգին. Սարոյանի տան աճուրդից դեռ նորություն չկա
Մայիսի 5-ին՝ Ֆրեզնոյի շրջանային դատարանում պետք է տեղի ունենար ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տան աճուրդը:
ՀՀ սփուռքի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը օրեր առաջ կոչ էին արել հայ բարերարներին գնել Վիլյամ Սարոյանի վաճառքի հանված տունը և այն վերածել տուն-թանգարանի:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Panorama.am-ին հայտնեց, որ դեռ որևէ նորություն չունեն և տեղյակ չեն, թե արդյոք գնորդ հայտնվել է, թե ոչ:
«Սպասողական վիճակ է, հուսանք, որ մեր կոչը անարձագանք չի մնա»,- ասաց Է.Միլիտոնյանը:
Նշենք, որ 2729 W. Griffith Way, հասցեում հասարակ սվաղով կառուցված տունը, որը գտնվում է Կուպերի դպրոցից արևմուտք, 1981թ Սարոյանի մահվանից հետո ունեցել է երեք սեփականատեր և երկու անգամ հայտնվել է սեփականության իրավունքը կորցնելու վտանգի տակ: Հարևան Էրնի Բական ասել է, որ տունը վարձակալության է տրվել և զավթվել է ապօրինի հողակալների կողմից:
Փորքիկ 1228 քառակուսի ոտնաչափ ունեցող տունը կառուցվել է 1964 թվականին: Ունի երեք ննջարան և մեկ լոգասենյակ: Հարևանի խոսքով, երբ տան սեփականատերը եղել է Սարոյանը, տնկել է պտղատու ծառեր: Սարոյանը 30 դոլար է վճարել նրան իր բացակայության ընթացքում ծառերը ջրելու, խնամելու համար: Տունը ներառված է քաղաքային պատմական արժեքների ցանկում։ Տան վրա 1989 թվականի հուշատախտակ է տեղադրվել, որի վրա գրված են այն 10 գրքի վերնագրերը, որոնք Սարոյանը գրել է այդ տանն ապրելու ընթացքում:
ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը անդրադարձել է Վ.Սարոյանի տան վաճառքին: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին օրերի ցավալի և մտահոգիչ լուրերից մեկը կապված է Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տան առք ու վաճառքի հետ… Տուն, որը նույնիսկ հեռավոր Ֆրեզնոյում, իր մթնոլորտով` կարծես, հիշեցնում է Բիթլիսն ու Հայաստանը: Այնտեղ է ապրում մեծ գրողի՝ Բարի Հսկայի ոգին, նրա բազմաթիվ ստեղծագործություններ գրվել են այդ տանը: Ամեն ինչ այդտեղ Սարոյանոտ է. դռան առջևի իր ձեռքով տնկած դեղձենիները, Ֆրեզնոյի լեռներից բերած քարաբեկորը…
Ամենը, ամեն ինչն այդ մենատանը շնչում և ապրում է Սարոյանով ու Սարոյանաբույր է...
...Տեսնես ի՞նչ է զգում հիմա Սարոյանի ոգին, երբ այսօր հայտնի դարձավ, որ նրա տունն արդեն ունի նոր սեփականատեր, այն էլ ամերիկացի, ում համար դա ոչ թե մեծ գրողի տուն է, այլ միայն անշարժ գույք… Ասում են, թե տան նոր սեփականատերը տեղյակ է, որ Ֆրեզնոյի հայ համայնքը հետաքրքրված ու մտահոգ է տան համար:
Ես հիշեցի մի պատմություն, որ լսել եմ Սարոյանի շուրթերից և որն առնչվում էր Սարոյանի Սան -Ֆրանցիսկոյի տան և տների առք ու վաճառքով զբաղվող մի գործակալի հետ… Մի օր պատմեց.
- Ատեն մը ուզեցի վաճառել տունս , լուր տվի բարեկամիս, որ տուներու վաճառքով զբաղվող օֆիսեն. մարդ մը բերե: Քանի մը օրեն ետքը տուն վաճառող գործակալ մը եկավ, իմ տուն նայեցավ և ուզեց գին իմանալ , ըսի 200.000 դալեր ,ան ըսեց սուղ է, աս տան գին հազիվ 100.000 կարժենա: Ըսեմ որ , ատ մարդ չէր գիտեր ով եմ ես և որու՞ն հետ կխոսի, կսակարկե. Ատ մարդ շատ սակարկեց, ուզեց , որ ինձի համոզե, որ տունիս գին իջնամ, ես ըսի ո՛չ, սենթ մը չեմ պակսեցներ իմ ուզած արժեքից: Ատ իր գործն էր, բիզնեսն էր, ինձնից գնելեն վերջ , անի անշուշտ պիտի սուղ վաճառեր: Է, նպատակին չհասավ , ինձմե դժգոհ հրաժեշտ տվեց , ուզեց երթալ: Ետևեն պոռացի.-Է՜յ, եթե, իմանաս որ, աս տուն Ուիլյամ Սարոյանին տունն է, այն ատեն ի՞նչ գին կուտաս: Մարդը շուռ եկավ , զարմացած նայեց վրաս ուշադիր, դեմք անմիջապես պայծառեցավ, եկավ գրկեց ինձի ու ըսավ .- այն ատեն աս տան գին հասավ կես միլիոն դալերի...
հ.գ. Հիմա վախենամ, շատ ուշ լինի ,մինչև հայ մեծահարուստները գրպանները բացեն, Սարոյանի տան արժեքի զրոները գնալով աճեն...»:
Նախորդող հրապարակում՝
Վիլյամ Սարոյանի տունը վաճառվում է (լուսանկարներ)
Միլիտոնյանը հույս ունի, որ Սարոյանի տունը հայ գնորդ կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան