«Արտ Ֆեստ». Մասնակիցների թվի աննախադեպ աճ, արվեստի ոլորտների ավելացում
«Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ փառատոնը նախորդ տարվա համեմատ ավելի շատ մասնակիցներ ունի: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Արտ Ֆեստ» փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը:
««Արտ Ֆեստ» փառատոնն իր հյուրընկալ հարկի ներքո կհամախմբի արվեստի երիտասարդ ներկայացուցիչներին մեկամսյա տոնական շրջանում՝ մայիսի 11-ից հունիսի-11-ը։ Ուրախությամբ պիտի փաստեմ մասնակիցների թվի աննախադեպ աճը համեմատ նախորդ տարվա՝ ավելի քան 300 մասնակից»,- նշեց նա:
«Արտ Ֆեստը» արդեն ներկայացված ոլորտներին՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, այս տարի, ըստ փառատոնի տնօրենի, ավելացրել է նաև երգարվեստի, դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտները։
Նա նաև ասաց, որ փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են մշակույթի ականավոր և սիրված գործիչներ՝ ՀՀ ժողովրդական, վաստակավոր արտիստներ, նկարիչներ, դիզայներներ, թատերական գործիչներ, կինոգործիչներ, երաժիշտներ. «Ունենք հիանալի ժյուրի»:
«Իսկապես, «Արտ Ֆեստը» դարձավ սիրված և սպասված տոն՝ հանրապետության ստեղծագործ երիտասարդների շրջանում։ Այս փաստը ոգևորիչ և պարտավորեցնող է մեզ՝ կազմակերպիչներիս համար»,- ասաց փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Արտ Ֆեստ». «Երիտասարդ սերնդի առաջ խնդիր է դրված՝ ապացուցել աշխարհին, որ մենք կանք և ուժեղ ենք»
«ԱՐՏ ՖԵՍՏ»՝ «ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը»