Փորձագետ. Փաստը մնում է փաստ, որ բոլոնյան բարեփոխումների արդյունքները լսարան չեն հասել
«Ցանկացած կրթական համակարգի հաջողությունը կապված է պրոֆեսորադասախոսական կազմի հետ, վստահ չեմ, որ այս առումով մենք առաջընթաց ունենք»,-«2005-ից ընթացող բոլոնյան ռեֆորմների ազդեցությունը ՀՀ բարձրագույն կրթության զարգացման վրա» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց փորձագետ Հրանուշ Խառատյանը, միաժամանակ նշելով, որ վերջին 5-6 տարիների ընթացքում ավելացել են որակյալ մասնագետները:
Խառատյանն այս առումով կարևորեց պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման հարցը:
«Ես վստահ չեմ, որ Բոլոնյան համակարգը փոխելու է մեր գիտելիքի մակարդակը, կարող է որոշ չափով ազդել գիտելիքի բովանդակության վրա»,-ասաց Խառատյանը, նկատելով, որ այսօր դասախոսները գիտությունից փոքր ինչ կտրված են, իսկ այսօր Հայաստանում կրթության ու գիտության միջև կապն այդպես էլ չի կայանում:
Խառատյանի խոսքով, այն հմտությունները, որ ունեինք մինչ բոլոնյան բարեփոխումները, կորցրել ենք, իսկ նորերը դեռ չկան:
Փորձագետ Սամվել Կարաբեկյանն Խառատյանի բարձրացրած խնդիրը որակեց որպես հիմնական նյարդ: Նրա խոսքով, Բոլոնյան բարեփոխումների հիմնական մասը լսարան չի հասել հենց դասախոսների մեղքով:
«Փաստը մնում է փաստ, որ դրանք լսարան չեն հասել մի քանի պատճառներով»,-ասաց Կարաբեկյանը, ավելացնելով, որ բուհերի ներսում նորմալ տեղեկատվական աշխատանք չի կատարվում:
«Տեղեկատվական աշխատանքը միայն բավարար չէ, խնդիրը բուհերի կառավարման մեջ է»,-ասաց փորձագետը, նկատելով, այսօր խոսվում է բուհերի ինքնավարության մասին, մինչդեռ բուհի ներսում ոչ մի ինքնավարություն էլ չկա:
«Սա օբյեկտիվ պատճառ է, ես չեմ մեղադրում ուսանողներին կամ դասախոսներին, չկա ինքնավարություն ու դրանից բխող նախաձեռնողականություն, ուսանողներն ու դասախոսները օտարված են, չեն կարողանում մասնակցել գործընթացին: Ցանկացած բարեփոխում կարող է հաջողված լինել, եթե այն ունի աջակցություն: Բարեփոխում անում ենք այն գործիքներով, որոնց տրամաբանությունը հակասում է այն արդյունքի տրամաբանությանը, որը փորձում ենք ստանալ»,-նկատեց նա, ավելացնելով, որ այսօր խնդիրը կառավարման ձևի ու ոճի փոփոխելն է:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս Արևիկ Անափիոսյանը համաձայնեց, որ խնդիրն իրականում դասախոսին չի հասել:
«Բարեփոխման ողջ նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է, որի արդյունքում ուսանողը մրցունակ կլինի, ինչպես նաև Հայաստանը կտանի զարգացման: Սակայն ավաղ, հետազոտությունների արդյունքներն այլ բան են ասում»,-ասաց բանախոսն ու նկատեց, որ այդ արդյունքները հաշվի չեն առնվել:
Նրա խոսքով պետք է դասախոսներին տրվի մեթոդաբանական նոր գործինքեր, որոնց օգնությամբ նրանք կկարողանան ապահովել նոր բովանդակություն:
Բոլոնիայի գործընթացի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա