ԳԹԿ տնօրեն. Այս պահի դրությամբ արդեն ունենք 11 հազար 803 դիմորդ
Այս տարվա միասնական քննությունների թեստերի կառուցվածքը նույնն է, ինչ նախորդ տարի, որևէ փոփոխություն չի եղել: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
Նա ընգծեց, որ նախորդ տարի թեստերի հետ կապված իրենք որևէ բողոք չեն ստացել, այդ իսկ պատճառով էլ որևէ փոփոխություն չի եղել:
«Երկու բան իրար են խառնում՝ շտեմարանը և թեստերը: Շտեմարանների մեջ որոշակի վրիպակներ կան, ամեն տարի դրանք մաքրվում, ուղղվում են: Երկու տարի է, թեստերի մեջ որևէ սխալ առաջադրանք, բողոքներ բարդության հետ կապված չկան»,- նշեց նա:
ԳԹԿ տնօրենի խոսքով, երբեմն բողոքում են, թե շտեմարաններում առաջադրանքները բարդ են. «Բայց դա չի նշանակում, որ բոլոր բարդ առաջադրանքները տեղ են գտնելու թեստերի մեջ: Թեստերում հիմնականում 1-2 բարդ առաջադրանք է լինում, որպեսզի կարողանանք ապահովել մրցույթ»:
Գ. Մելիքյանն ասաց, որ այս պահի դրությամբ 11 հազար 803 դիմորդ հայտ է ներկայացրել՝ միայն առաջին փուլի համար: Ձևավորվել է 34 քննական կենտրոն, որից 10-ը՝ Երևանում:
Հիշեցնենք, որ այս տարի միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2-ից: «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից միասնական քննությունները տեղի են ունենալու հունիսի 2-ին: Հունիսի 5-ին անցկացվելու է «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 9-ին՝ «Ֆիզիկա», հունիսի 12-ին՝ «Օտար լեզու», հունիսի 16-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 19-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 23-ին՝ «Ռուսաց լեզու» առարկաներից միասնական քննությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա