Կարծում եմ՝ Գալուստ Սահակյանին հարվածել չի ստացվի. ԱԺ նախագահ
«Մարդը եկել, ցավակցել է ինձ՝ մեր անմեղ զոհերի առումով ու գնացել է»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Հարավային Օսեթիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի և իր հետ հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակին:
Նրա խոսքերով՝ բարձրացված աղմուկն ու հարցի քաղաքականացումն ինքը հասկանում է:
«Իմիջիայլոց հայ-վրացական հարաբերություններում ես իմ փոքրիկ դերակատարումն ունեմ: Առավել ևս առաջին այցերիցս մեկը եղել է Վրաստանում, ես հանդիպել եմ և նախագահի, և վարչապետի, և Ազգային ժողովի նախագահի հետ, հիմնավորել եմ մեր պետության տեսակետը, մոտեցումները: Այնպես որ, Գալուստ Սահակյանին հարվածելու համար չի կարելի մեծ աղմուկ բարձրացնել, անիմաստ է: «Ընդունել» բառը մի՛ օգտագործեք»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե Վրաստանից այս դեպքի առնչությամբ բացատրություն են պահանջում, Գ.Սահակյանը պատասխանեց, որ եթե Վրաստանից պատասխան պահանջեին, իր վրացի կոլեգան կզանգահարեր իրեն: «Ես չեմ ասում՝ դա սկանդալ է, դա փաստորեն օգտագործված է, փորձել են պրոբլեմ դարձնել, Գալուստ Սահակյանին հարվածել, որը, կարծում եմ՝ չի ստացվի և էստեղ, և էնտեղ: Պատկերացրեք, որ Գալուստ Սահակյանը Ղարաբաղում է, և նույն անձը մոտենում է ցավակցական խոսք ասելու: Պատկերացրեք, որ մեր մտածողության մեջ թուրքը մեզ թշնամի է, և թուրքը Հայաստանում ցավակցում է Գալուստ Սահակյանին: Իսկ ինչ վերաբերում է միջպետական հարաբերություններին, և երկրի նախագահը, և վարչապետն ամեն ինչ գիտեն, իմ անձնական տեսակետը գիտեն, որը նույնն է, ինչ որ մեր պետության տեսակետն է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Մնացած խոսակցությունները Գ.Սահակյանը անհեթեթություններ որակեց, թե ինքը չի տիրապետում դիվանագիտության կանոններին: «Ես կարծում եմ Գալուստ Սահակյանի կողքը մի քանի ժամ եթե կանգնեն, եթե ոչինչ չհասկանան էլ այդ ամեն ինչից, մի փոքր գաղափար կկազմեն դիվանագիտությունից»,- նշեց նա:
Գ.Սահակյանը նաև ասաց, որ Հայաստանը, առավել ևս Ազգային ժողովը, Օսեթիայի հետ բացարձակապես որևէ տիպի հարաբերություն չունի, հետևաբար ինքը չէր էլ կարող ընդունել նրանց խոսնակին և խոսել ինչ-որ հարաբերությունների մասին:
Հարցին, թե այդ հարցը կարելի է ասել, որ ամբողջությամբ փակված է, նա նշեց. «Ուզում է խնդիրը փակվի, ուզում է չփակվի: Ես ոչ փորձում եմ խարազանողների գնահատական տալ, ոչ էլ նրանց, ովքեր գովաբանում են: Անիմաստ խոսակցություններն իրենց հետևանքներով իմ մեջ փակված են, կշիռը ժամանակին ցույց կտա և արդեն իսկ ցույց է տրվել, որ ինչ-որ քաղաքական նպատակով կարելի էր հարվածել և ինձ, և Վրաստանում ինչ-որ քաղաքական նպատակներով էդ փաստը օգտագործվել»,- ասաց Գ.Սահակյանը:
Դիտարկմանը, թե նրանց լրատվամիջոցներն այդ հանդիպումը ներկայացրել էին որպես պաշտոնական հանդիպում, խորհրդարանի կայքում էլ որպես պաշտոնական ինֆորմացիա էին ներկայացրել, Գ.Սահակյանն ասաց, որ այդպես է եղել, բայց դրանից հետո պարզաբանվել է. «Պարզաբանվեց, որ ոչ թե Գալուստ Սահակյանն է հանդիպել, այլ նա եղել է Ղարաբաղում, այդ խոսակցությունները եղել են Ղարաբաղում, և ներողություն են խնդրել, որ սխալ ինֆորմացիա է»:
Հարցին, եթե ընդամենը ձեռքսեղմում է եղել, ինչո՞ւ լուսանկարվեցիք, Սահակյանը պատասխանեց. «Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ թաքուն տեղերում հանդիպեմ, ըստ երևույթին, ինչ-որ մեկը նկարել է: Բացի դրանից, հիմա էդ նկարը, որ նայում եմ, տեսնում եմ, որ ես նման հագուստ էլ չունեմ»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝
Քաղաքագետ. Հայկական կողմի սխալը ոչ թե այդ հանդիպումն էր, այլ վրացիների առաջ արդարանալը
Յուրի Վարդանյանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ
Մարդը ցավակցել ու գնացել է. Նոր մանրամասներ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբիլովի հանդիպումից
Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում