Նոր գործարան` որտեղ կվերամշակվի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ինչպես գործադիրի նիստում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, օրենքի ընդունման արդյունքում և դրա հիման վրա նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի (հանքախյուսերի) վերամշակում:
«Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԶՊՄԿ պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի պաշարները կազմում են մոտ 300 մլն տոննա, և տարեկան ավելանում են ևս 18-20 մլն տոննայով, ինչը Հայաստանի համար հանդիսանում է բնապահպանական մեծագույն խնդիր: «Ալյոտիգ» ՍՊԸ–ն ըստ ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Մտադրությունների մասին հուշագրի՝ հանդիսանում է օրենքի իմաստով Ծրագիր իրականացնող: Վերջինս մտադրություն ունի կառուցել ֆաբրիկա, տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ, վերամշակելու համար ներկայումս չօգտագործվող այդ լցակույտերը»,- ասաց Դ.Հարությունյանը:
Նա նաև հայտնեց, որ նախատեսվում է կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան՝ տարեկան առնվազն 10 հազ. տոննա արտադրողականությամբ: Որպես հումք նորից օգտագործվելու է պոչամբարի խյուսը:
Ըստ Դ. Հարությունյանի՝ ներդրումային ծրագիրը կմեկնարկի առավելագույնը մեկ տարվա ընթացքում:
Նշենք, որ ծրագրով նախատեսվում է լցակույտերից ստանալ առաջնային մետաղական կոնցենտրատներ: Ծրագրի առաջին փուլուվ կիրականացվի 237 մլն դոլարի ներդրում: Նախատեսվում է նաև 2019-2025թթ. նոր ֆաբրիկայի ենթաարտադրատեսակների գործարկում՝ դրա արտադրական պոչերն օգտագործելու համար: Կմեծացվի նաև գործարանի հզորությունը՝ տարեկան մինչև 25 մլն տոննա:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կարձանագրվի զբաղվածության էական աճ, առաջին փուլում կստեղծվի մոտ 1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ: