Իսրայելի վարչապետին վերջին պահին հաջողվել է ձևավորել իշխող կոալիցիա
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջողվել է ձևավորել իշխող կոալիցիա: Վերջնաժամկետից մոտ երկու ժամ առաջ Նեթանյահուն համաձայնության է եկել աջակողմյան «Հրեական օջախ» կուսակցության հետ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նեթանյահուն մարտի 17-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իր գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը խորհրդարանում 30 տեղ ստացավ, ընդամենը 6 շաբաթ ուներ նոր կոալիցիա ձևավորելու համար:
Ավելի վաղ Նեթանյահուն համաձայնության էր եկել ուլտրաուղղափառ «Թորայի հրեականություն» (Torah Judaism), ՇԱՍ (Shas), «Կուլանու» (Kulanu) կուսակցությունների հետ, իսկ իր նախկին ավանդական դաշնակից Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը հրաժարվել էր համագործակցությունից:
Նեթանյահուի` վերջին պահին ձեռք բերած համաձայնության շնորհիվ այժմ նա Կնեսեթում կապահովի նվազագույն մեծամասնություն` 120 տեղից 61, ինչը թույլ կտա ձևավորել նոր կառավարություն:
Հիշեցնենք, որ Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարվեց 2014 թվականի դեկտեմբերին, երբ փլուզվեց իշխող կոալիցիան: Այդ ժամանակ Նեթանյահուն պաշտոնից ազատեց ֆինանսների նախարար Յաիր Լապիդին և արդարադատության նախարար Ցիպի Լիվնիին: