Լյուքսեմբուրգցի պատգամավոր. Կարևոր է մատնանշել իրականացված դաժան Ցեղասպանությունը
Կարևոր է մատնանշել իրականացված դաժան Ցեղասպանությունը և հատկապես հարգել հարյուր հազարավոր զոհերի հիշատակը: Այս մասին Լյուքսեմբուրգի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման ժամանակ հայտարարել է այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Լոուրենթ Մոսարը: Փոխանցում է «Tageblatt.lu»-ն:
«Կարևոր է մատնանշել իրականացված դաժան Ցեղասպանությունն ու հատկապես հարգել հարյուր հազարավոր զոհերի հիշատակը։ ՄԱԿ-ը հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն։ Դրան հաջորդել է 22 երկրների խորհրդարանների կողմից ճանաչումը, որոնց թվում՝ Լյուքսեմբուրգի հարևան երկրները՝ Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդները։ Եվրախորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը։ Գերմանիան առաջիկա օրերին խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձև կընդունի»,-ասել է պատգամավորը:
Լոուրենթ Մոսարը միաժամանակ նշել է, որ բանաձևը ինքնին ուղղված չէ Թուրքիայի դեմ և որ այս բանաձևով իրենք ոչ մեկին անարգանքի սյունին գամելու մտադրություն չունեն:
«Մեր բանաձևը Թուրքիայի դեմ չէ։ Լյուքսեմբուրգը պահպանում է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունները։ Մենք ոչ ոքի անարգանքի սյունին չենք գամում։ Մարդասպանները վաղուց արդեն մահացել են, և նրանց սերունդները չեն կարող կրել իրենց պապերի մեղքի պատասխանատվությունը, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց պատմական մեղքը։ Նրանց կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը ուժեղ նշան կլիներ, դա կլիներ ուղերձ առ այն, որ նման բան այլևս չպետք է կրկնվի»,-ընդգծել է պատգամավորը:
Պարբերականը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը ընդունվել է միաձայն` բոլոր քաղաքական ուժերի և խմբակցությունների հավանությամբ: