Հայաստանում չի զարգացել համայնքային ռադիոն. Բորիս Նավասարդյան
Ռադիոյի օրը հիմա այնպես չի նշվում, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր: Այսօր՝ Ռադիոյի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Այսօր էլ ռադիոն շատ մեծ դեր կարող է ունենալ: Ժամանակն այնպիսին է, որ միայն առավոտյան և երեկոյան տեղեկատվություն ստանալով կյանքից կտրվում ես: Իսկ ռադիոն հնարավորություն է տալիս գործից չկտրվելով առավոտից երեկո տեղեկացված լինել»,-նշեց Բ. Նավասարդյանը:
Անդրադառնալով ռադիոյին սպառնացող ժամանակի մարտահրավերնորին՝ բանախոսը նշեց, որ լարային ռադիո այլևս չունենալով՝ Հայաստանում ռադիոն մեծ լսարան կորցրեց՝ ի դեմս տնային տնտեսուհիների. «Այսօր Հայաստանում, մի տեսակ լճացման փուլ է ռադիոյի ոլորտում: Մարտահրավերներից մեկն էլ այն է, թե ինչպես կազդի թվայնացումը ռադիոյի վրա»:
Երևանի մամուլի ակումբի նախագահն ընդգծեց, որ ռադիոն ինտերնետից հետո տեղեկատվության ինտերակտիվության երկրորդ միջոցն է. «Ռադիոների տեխնոլոգիական զարգացման համար այսօր քիչ ներդրումներ կան Հայաստանում, քանի որ ռադիոն եկամտաբեր բիզնես չի և ներդրումներ չեն անում»:
Նա նաև շեշտեց, որ Հայաստանում չի զարգացել համայնքային ռադիոն. «Այն մեծ դեր կարող էր ունենալ համայնքի բնակիչներին միավորելու համար: Շատ զարմացած եմ դրանում, քանի որ մեծ ծախսեր չի պահանջում և ամեն համայնք կարող էր դա իրեն թույլ տալ»:
Անդրադառնալով լեզվի վերահսկողությանն ու բովանդակությանը՝ նա նշեց, որ չի ցանկանում անուններ տալ, բայց նորմալ է, որ մասնավոր ռադիոները մտածում են միայն իրենց բիզնես շահերի մասին, սակայն բացի երաժշտությունից շատ քիչ են թարմ գաղափարները:
Նշենք, որ 1895-ին մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ռուսական ֆիզիկա-քիմիական հանրությանն է ներկայացրել իր զեկույցն ու իր ստեղծած աշխարհում առաջին ռոդիոսարքավորումը՝ իրականացնելով առաջին ռադիոկապը, որից հետո էլ մայիսի 7-ին ԽՍՀՄ պատմության մեջ ամրագրված է որպես Ռադիոյի օր: 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչել է Երևանի ձայնը: Այդ օրվանից սկսած էլ Հայաստանում ամեն տարի մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։