«Մենք ենք մեր գյուղերը». «Շփվելով գյուղաբնակների հետ՝ մեծանում է նրանց նկատմամբ հարգանքը»
«Երևանում բնակվողների համար, իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես են բնակվում հեռավոր ու սահմանամերձ գյուղերում: Ծանոթանալով նրանց առօրյային, շփվելով նրանց հետ, մեծանում է նրանց նկատմամբ հարգանքը, սկսում ես էլ ավելի գնահատել նրանց»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Մենք ենք մեր գյուղերը» նախագծի կազմակերպիչներից Հասմիկ Ապետնակյանը:
«Մենք ենք մեր գյուղերը» նախագծի շրջանում մայիսի 2-3-ը մի խումբ կամավորներ մեկնել էին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղ: Ցանկացողներն իրենք են հոգում իրենց ծախսերը: Նախագծի հեղինակն է Արման Ոսկանյանը:
Կազմակերպիչների խոսքով, իրենց առաջին քայլը մեծ արձագանք է ստացել, այժմ նաև արտասահմանից են կապ հաստատում իրենց հետ՝ ցանկություն հայտնելով հաջորդ փուլերին միանալ: Առաջիկայում նախատեսվում է այցելություն Արցախի Զոար գյուղ:
«Մեր գյուղերին ավելի լավ ծանոթանալու համար որոշեցինք մեկ առ մեկ այցելել Հայաստանի և Արցախի բոլոր գյուղերը: Գյուղերից կատարել գնումներ և ընթրել օջախներում, մեկ օր գիշերել գյուղացիների տներում, ծանոթանալ առօրյային՝ այցելել գոմեր, հավանոցներ, ներկա լինել հաց թխելու արարողությանը, այցելել տեսարժան վայրեր, վերջում նախապես կազմակերպված գյուղի տոնավաճառից գնել գյուղմթերքներ կամ տեղի արտադրանք և վերադառնալ»,- մանրամասնեց Հ. Ապետնակյանը՝ ընդգծելով, որ իրենց հիմնական նպաակներից է գյուղ-քաղաք կապի ամրապնդումը:
Կազմակերպիչները նշեցին, որ գյուղացիների համար տոն է, երբ Երևանից կամ այլ շրջաններից մարդիկ են հյուրընկալում:
«Գյուղապետն ասում է՝ մեկ օր էլ մնացեք, մեր առօրյան ամբողջովին փոխեցիք, նորություն մտցրեցիք մեր կյանք:
Մեզ համար էլ, իհարկե, շատ հետաքրքիր էր: Մեզ հետ 11 տարեկան մի երեխա կար: Չէր համբերում, թե երբ է հասնելու դպրոց՝ պատմելու, ինչպես է թոնրիում թխած լավաշ կերել, ինչպես են կով կթում: Մեծերի համար ամենատպավորիչն այն էր, որ սահմանին շատ մոտ էինք: Առավոտյան կրակոցներ հնչեցին: Մեզ համար վախենալու էր, իսկ այնտեղի բնակիչների համար ավտոմատից կրակոցն արդեն հրավառության նման բան էր: Իրենք ավելի շատ ականներից են վախենում»,- նշեց Հ. Ապետնակյանը:
Երկու ամիս առաջ գյուղի դպրոցն ունեցել է 400 աշակերտ, իսկ այսօր՝ 240. «Մարդիկ վախեցել են ու հեռացել»:
«Երբ հարցնում ենք մյուսներին, թե իրենք ինչո՞ւ չեն գնում, պատասխանում են՝ մենք էլ գնանք, հաջորդ անգամ այդ հարցը ստիպված կլինեք մյուս գյուղի բնակիչներին տաք: Նրանք և վախենում են, և մտավախություն ունեն, որ իրենց հեռանալով գյուղերը կդատարկվեն: Այդ մտավախությունը ստիպում է նրանց էլ ավելի ամուր կառչել իրենց հողից ու հայրենիքից»,- ասաց նա:
Հասմիկը և Կոթի գյուղ այցելած մյուս կամավորները նկատել են. «Գյուղացիներն անասնապահությամբ և հողագործությամբ իրենց ապրուստն ապահովում են, սակայն գումար չունեն, այսինքն նրանք ապրանք ունեն, որը չեն կարողանում վաճառել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները