Հայաստանյան կինոարտադրությունը 2014-ին. Թողարկվել է 36 ֆիլմ
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում թողարկվել է 36 ֆիլմ: Ֆիլմերի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 638 մլն 949 հազար դրամ, որից 367 մլն 548 հազար դրամը՝ 2014-ի ընթացքում: Նման տվյալներ Panorama.am-ին տրամադրեցին Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ հանրապետության կինոարտադրող 3 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2010թ. թողարկվող 48 ֆիլմերից 2014թ. ավարտվել է 36-ի արտադրությունը: Այդ կազմակերպություններում շարունակվում է 12 ֆիլմերի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2015-2016թթ.:
Ֆիլմերից 7-ն անիմացիոն են, 4-ական կարճամետրաժ ու լիամետրաժ, 13-ը՝ փաստավավերագրական, 8-ը՝ կարճամետրաժ դեբյուտային, ուսանողական:
Ֆիլմերից երկուսի աշխատանքները մեկնարկել են ավելի վաղը: «Անահիտ» անիմացիոն ֆիլմի աշխատանքներն օրինակ սկսել են 2010-ին: Մինչ հանդիսատեսի դատին ներկայացնելը ֆիլմի համար ծախսվել է 228 մլն դրամ, որից 28 մլնը՝ 2014-ի ընթացքում:
«Լուսավոր շրջան» լիամետրաժ ֆիլմի աշախատանքները մեկնարկել էին դեռ 2011-ին, ֆիլմի բյուջեն, ըստ ԱՎԾ տվյալների, կազմել է 91 մլն 900 հազար դրամ:
Նախորդ տարի ու դրանից առաջ նախաձեռնած որոշ ֆիլմերի նկարահանումներ ու այլ աշխատանքներ չեն հասել ավարտին: 2015-ին նախատեսվում է 11 ֆիլմի թողարկում՝ «Լակոտը», « Վարդապետի լռությունը», «Թափանցիկ տանիքներ», «Երկար վերադարձ», «Բանտարկված հոգիներ», «Երկու դիմանկար», «Հայկական գորգ» և այլն: Եվս մեկ ֆիլմի թողարկում նախատեսված է 2016-ին: