Զինվորի նամակ. «Գալիս ենք, մայրիկ»
1941 թվականին, երբ պատերազմը սկսվեց, Բաբկեն Քալանթարյանը 17 տարեկան էր, բայց նա մեկնեց ռազմաճակատ: Ավագ եղբայրը` Մելիքը ռազմի դաշտում էր:
Երկար սպասված հաղթանակը տեսնելու բերկրանքը վիճակված էր քչերին, միլիոնավոր մարդիկ այդպես էլ չտեսան այդքան սպասված մայիսը…իսկ Բաբկենը տեսավ, նա վերադարձավ, բայց ավագ եղբայրը զոհվեց 1944թ-ին:
Բ.Քալանթարյանի պատերազմական հիշողությունները ներկայացված են նրա օրագրում, որ գրել է 1941 թ-ին և ավարտել 1943թ-ին: Նա պարզ ու հստակ հիշում է պատերազմական ամեն մի դրվագ ու ներկայացնում զինվորի անցյալի վավերագրերը;
Ահա մի նամակ, որը զինվորը օրագրի հետ ուղարկել է ծնողներին՝ Փիրաղա և Անուշ Քալանթարյաններին:
«Նամակիս հետ ջերմ ողջույներ ծնողներիս, եղբորս ու քույրերիս:
Օգտվելով այն առիթից, որ ընկերոջս եղբայրը Երևանից եկել է տեսության, ես շտապում եմ նամակ գրել և օրագիրս ուղարկել Ձեզ, քանի որ այլևս գրելու տեղ չկա: Ծնողներ ջան, չգիտեմ ինչ բառերով արտահայտեմ իմ սերը, միայն գիտցեք այսքանը, որ ես ապրում եմ ձեզանով ու ձեզ համար: Ստանալով այս օրագիրը, դուք կտեսնեք ձեր որդու գործունեությունը տարբեր վայրերում, որն անգամ ամենադժվար պայմաններում ու մահվան սարսափի տակ, նորից հիշել ու մտքով սլացել է դեպի ձեզ, դեպի իր անգնահատելի էակները: Այս սև տառերի արանքում ես պարփակում իմ անբիծ սիրտն ու պայծառ հոգին, որոնք ձեզ ողջություն, երկար կյանք ու երջանկություն են ցանկանում:
Ծնողներ ջան, անկասկած շատ անքուն գիշերներ անցկացրած կլինեք մեր պատճառով, բայց ինքներդ ինձնից քաջ գիտեք, որ համբերությունը կյանք է, շատն անցել, քիչն է մնացել: Շուտով այդ դարչնագույն ամպը, որն ինչպես բոլորի, այնպես էլ մեր տան շուրջն է մշուշվել, ցիր ու ցան կլինի կարմիր կայծակի հզոր ուժի տակ ու կլսվի մի ուրախ որոտ, որտեղ կճանաչեք իմ ու Մելիքի ձայնը, որոնք գոչում են՝ «Գալիս ենք մայրիկ, ընդունեցեք ձեր գիրկը ձեր որդիներին»: Եւ այն ժամանակ կմոռացվի ամեն մի տանջանք ու զրկանք:
Եթե կցանկանաք իմ առողջության մասին իմանալ՝ ասեմ, որ գիպսս արդեն հանել են, բայց ոտքս դեռ աննշան ծուռ է, դրա համար կամ նորից գիպս կդնեն, կամ ֆիզկուլտուրայի միջոցով կուղղեն: Բարևում եմ բոլորիդ, հարազատներս:
Գրեցեք տեսնեմ հայրիկն ինչով է զբաղված:
Ձեր Բաբկեն:
Ք.Սոչի, 1.08. 43թ.
Վերջ օրագրիս»:
Թեմային առնչվող հրապարակում՝
Հույսի ու հավատի սպասումով` զինվորի օրագիրը ռազմի դաշտից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին