«Պապին Հիտլերին սպանել է». Տուն ինտերնատում ապրող վետերանի հուշերը (Տեսանյութ, Լուսանկարներ)
92-ամյա Արամայիս Բադալովը Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատի երկարամյա բնակիչներից է:
«Կիրթ, համեստ, կարգապահ, խելացի, զարգացած մարդ»: Այսպես բնութագրեցին Երևանի թիվ 1 ինտերնատի աշխատակիցները Հայրենական պատերազմի բովով անցած պապիկին:
Նա մեզ դիմավորեց մեդալներից ծանրացած կոստյումը հագնելով: Ասում է՝ կոստյումը հաճախ չի հագնում, բայց մեդալներին շուտ-շուտ է նայում, ուրախանում:
«Բա-դա-լով, Բադալյան չէ էլի, շատ կուզեի Բադալյան լինել, բայց փաստաթղթերում է այդպես: Ծնվել եմ Ադրբեջանում, 1923 թվականին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:
Երեք բուհ է ավարտել՝ մասնագիտանալով ռազմական, մանկավարժական, թարգմանչական գործի մեջ:
Պատերազմին քիչ է մասնակցել, 1942 թվականի վերջին 20 տարեկանում զորակոչվել է, մի քանի ամիս անց ծանր վիրավորվել է, կռվին մասնակցել այլևս չէր կարող:
«Հիշում եմ, որ Ռուսաստանի արևմտյան մասում էինք կռվում: Շատ գոհ եմ, որ կռվել եմ հանուն հայրենիքի, ուրախ եմ, որ հայրենիքն էլ ինձ չի մոռացել, փառք Աստծո»,-պատմում է պապիկը:
Ծերանոցում գտնվելու պատճառների մասին հարց չենք տալիս: 20 տարի այստեղ ապրող վետերանն ինքն է շտապում պարզաբանում տալ. «Ինչ վերաբերում է իմ՝ այստեղ ապրելուն: Դա հաճելի պատմություն չէ: Ադրբեջանում մենք ստիպված էինք թողել մեր տունը, ունեցվածքը: Որդիս և դուստրս վաղուց այստեղ են՝ իրենց ընտանիքներով, փոքր սենյակներում են ապրում: Ես մենակ եմ, լավագույն լուծումը՝ ինձ ուղարկեցին այստեղ: Ասում է, այստեղ շատ հարմարավետ է, ոչ մի բողոք չունի, ոչ ճաշարանից, ոչ բուժկետից, ոչ մեկից:
Ասում է, հաճախ է հանդիպում երեխաների, թոռների ու ծոռների հետ: Հարցեր են տալիս, ինքն էլ հաճույքով պատմում է: Թոռնիկների մասին խոսելիս դեմքին ծիծաղ է գալիս. «Թոռնիկներս ասում են՝ պապին Հետլերին սպանել է»:
Ասում է՝ պատերազմում հաղթանակի հասնելուն օգնեց մեր մեծ բարեկամությունը, յուրաքանչյուրի այն գիտակցումը, որ ինքը պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև քեզ, մյուսին, մյուսին: Պաշտպանում է հայրենիքը: Ահա այդ պատրիոտիզմն էր, որ առկա էր մարդկանց մեծ մասի՝ այդ թվում և իմ մոտ: Ուրախ եմ, որ հաղթեցինք թշնամուն»,-ասում է տարեց վետարանը:
Հիշում է, որ պատերազմի օրերին կռվողներին պարգևատրելու ժամանակ չկար: Հետո եկավ մեդալներներ ու շքանշաներ ստանալու ժամանակը:
Հայրենիքի պաշտպանության համար Բադալով պապիկին տարիքը չի խանգարում:
«Երբ լսեցի, որ Արցախում կռիվներ են: Չնայած տարիքիս, ես պատրաստ էի գնալ այնտեղ: Բայց ինձ իհարկե չվերցրեցին, հարցրեցին՝ քանի տարեկան ես, ու չվերցրեցին»,-պատմում է նա:
Նշենք, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում ապրում է Հայրենական պատերազմի ևս երկու վետերան
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին