Պատառիկներ պապիս հուշերից
Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից անցել է 70 տարի: Որքան մարդկանց կյանքեր, երազներ անավարտ մնացին, շատերը զոհվեցին, շատերն էլ վերադարձան ու… կյանքը շարունակվեց: Այդպիսի ճակատագիր էր վիճակված նաև պապիս՝ Իշխան Քալանթարյանին։
1923 թվականին Շամշադինի Չորաթան գյուղում Լևոն և Վարսենիկ Քալանթարյանների ընտանիքում ծնվեց հինգ զավակների առաջնեկը` Իշխանը, հետո նրանց չորս զավակները՝ Աղավնին, Շամշադը, Սարգիսը, Արփենիկը: Գյուղացու առօրյա հոգսերով ապրող, ընտանեկան ջերմությամբ լի մի օջախ էր, բայց սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը և ամեն ինչ խառնվեց իրար:
Հազիվ երկու ամիս էր անցել պատերազմի առաջին օրից, երբ պապիս հայրը՝ Լևոն Քալանթարյանը մեկնեց ռազմաճակատ՝ տունը թողնելով կնոջը և ավագ որդուն՝ Իշխանին. մյուսներն անչափահաս էին, իսկ ամենափոքրը՝ Արփենիկը ընդամենը 6 ամսական էր: Պապս օգնում էր մորը, տան տղամարդն էր, սակայն շատ չանցած, զորակոչվեց նաև նա։
Սեղանիս պապիկիս՝ Իշխան Քալանթարյանի օրագիրն է…
Մեզանից ոչ ոք, նույնիսկ իր զավակները, չեն իմացել այդ օրագրի մասին, հետո երբ պապիկս արդեն չկար, մասունքի նման ենք թերթում այն…այնքան բան կա այնտեղ, ոչ միայն պատերազմի, այլև իր մարտական ընկերների մասին է, ամբողջ գյուղի ու նրա մարդկանց պատմությունն է, պատերազմից քայքայված ու քայլ առ քայլ վերականգնվող գյուղի կենսագրությունը: Օրագրում բավականին հանգամանորեն ներկայացված է Քալանթարյան տոհմի պատմությունը: Թերթելով էջերը զարմանալ կարելի է, ոչ մի բան նրա ուշադրությունից դուրս չի մնացել՝ դա լինի ամուսնություն, երեխայի ծնունդ, թե գյուղի հետ կապված որևէ հիշարժան իրադարձություն: Սրտի ինչպիսի ջերմությամբ և ինչ գեղեցիկ խոսքերով է շնորհավորել իր հինգ երեխաներին, տասներկու թոռներին կյանքի կարևոր իրադարձությունների առթիվ: Որքան հարուստ բառապաշար է ունեցել իմ պաշտելի պապիկը ու որքան գեղեցիկ է արտահայտել նա իր մտքերը:
Պապիկիս օրագիրը սկսվում է հենց 41 թվականի հունիսի 22-ից.
«Սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը: Գերմանիան հարձակում սկսեց Սովետական միության դեմ»:
Իսկ հետո շարունակում է.
«15 սեպտեմբերի, 1941թ.
Հայրենական պատերազմ մեկնեց հայրս՝ Լևոն Ալեքսանի Քալանթարյանը: Ես աշխատում եմ դաշտում, մտերիմս Մամուկ Քալանթարյանն է:
13 օգոստոսի, 1942 թ.
Ընկերներս մեկնեցին բանակ: Ես պառկած եմ Բերդի հիվանդանոցում:
28 օգոստոսի, 1942թ.
Ճանապարհվեցի Հայրենական Մեծ պատերազմ: Գյուղից մենակ եմ»:
Օրագիրը ընդհատվում է, իսկ շարունակությունը սկսվում է 1944թ-ին, երբ պապիկս երկու ոտքից վիրավոր զորացրվում է պատերազմից: Օրագիրը կրկին իր մեջ է առել նրա հետագա գրառումները: Քանի որ փայլուն հիշողություն ուներ, կարողացել է ճշգրտորեն վերարտադրել պատերազմի ողջ թոհ ու բոհը: Գրել է մարտական ընկերների, իր ապրումների, կարոտների ու ամենաշատն իր հոր՝ Լևոնի մասին, որը այդ նույն ժամանակ մարտի դաշտում կռվում էր թշնամու դեմ:
Ու նորից վերհիշում է:
«1944թ. հունվարի 29, Կերչ:
Առավոտ ժամը 11-ին ծանր վիրավորվեցի երկու ոտքից, արյունահոսությունը ինձ լրիվ ուժասպառ է արել: Ընկերներս երեկոյան ժամը 9-ին հազիվ կարողացան ինձ առաջին գծից մի փոքր հետ տանել և մեծ դժվարություններով հասցնել բուժկետ, որտեղ վերքերս վիրակապեցին: Վերսկսվեց գիշերային ռմբակոծությունը:
30 հունվարի
Վիրահատեցին ոտքերս, վիճակս ծանր է, տեղափոխեցին հոսպիտալ: Ջերմությունս շատ բարձր է, ինձ ինքնաթիռով տեղափոխեցին Կրասնոդար:
31 հունվարի-16 փետրվարի
Պառկած եմ հոստպիտալում, ոտքերս գիպսի մեջ են, ուժեղ ցավեր ունեմ… ու այդպես ամիսներ շարունակ:
24 հոկտեմբերի, 1944թ.
Ինձ կրկին վիրահատում են: Բժիշկը հայտնի վիրաբույժ Կլաշկովն է, որը սակայն ոչ մի խոստում չի տալիս: Միայն նրան խնդրում եմ, որ ոտքերս չկտրի... Փառք Աստծո, ոտքերս զգում եմ»:
Հետո կարդում եմ.
«23 դեկտեմբերի, 1944թ.
Գնացքը սլանում է Քուռ գետի հովտով և ահա ինձ ծանոթ Թբիլիսին… երևում է ցեմենտի գործարանի լույսերը, ահա Թովուզը: Գնացքից իջա գիշերվա ժամը 11-ին:
Մայրական հող, կարելի՞ է հավատալ, թե երազ է նորից: Աչքերս հառեցի և… հավատացի, որ երազ չէ: Չնայած ոչ մի ֆիզիկական հնարավորություն չունեի ոտքով ճանապարհվելու, բայց հայրական տունը ձգում էր մեծ ուժով: Փորձում էի գուշակել՝ ի՞նչ վիճակում կլինի հորս տունը և հարազատներս ինչպե՞ս կլինեն:
24 դեկտեմբերի, երեկոյան ժամը 8-ը
Հասա, տեսա, ուրախացա և տխրեցի: Այնքան դառնություններ է ապրել խեղճ մայրս, 8 տարեկան տղային՝ Շամշադին է կորցրել, երբ մենք ռազմի դաշտում էինք: Նա հազիվ-հազիվ է հոգացել երեխաների հոգսերը. իմ հիվանդ, իմ խեղճ մայր, որ ապրեց ընդամենը 54 տարի: Իսկ իմ 41 տարեկան հորից, իմ կյանքի հենարանից ոչ մի լուր չկար»:
Պապս մինչև կյանքի վերջն էլ լուրի էր սպասում հորից: Իր հուշերում նաև գրում է, որ մի նամակ է ստացել ռուս զինվորից, որը հոր՝ Լևոնի թելադրանքով գրել է. «Իշխան ջան, ես ծանր վիրավորված եմ գլխից, պառկած եմ հոսպիտալում»:
Պապիկիս հետագա որոնումներում պարզվել է, որ այդ նամակը գրելու հաջորդ օրը հոսպիտալը ռմբակոծվել է: Բայց միևնույն է, էլի սպասում էր…
Պատերազմի բոհով անցած, մարտական մեդալներով, «Կարմիր աստղ» շքանշանով պարգևատրված պապիկս իր ողջ կյանքը նվիրել է հայրենի գյուղի ու շրջանի վերականգնմանը: Մարդ, որի և կյանքը, և սեղանը միշտ բաց է եղել թե հարազատների, թե օտարների համար: Իր հյուրընկալ հարկի տակ որքան սրտառուչ խոսքեր են ասել Պարույր Սևակը, Սերո Խանզադյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Արշավիր Դարբնին, Ռազմիկ Դավոյանը, հորեղբոր որդին՝ գրող, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանը, որը ոչ միայն եղբայր էր, այլև շատ մտերիմ ու շատ հարազատ մարդ նրա համար:
Թերթում եմ օրագիրը, ահա մի գրառում ևս.
«29 հունվարի, 1994 թվական
Այսօր լրացավ իմ երկրորդ ծննդի 50 տարին, երբ Կերչում ծանր վիրավորվեցի…Բայց կյանքն անցնում է տխուր, նորից պատերազմ է:
14 դեկտեմբերի, 1995 թվական
Հակոբը, Հայկը, Գրիգորը, երեք թոռս թուրքի սահմանում են գիշեր ու ցերեկ: Տանջվում եմ, լաց եմ լինում, աղոթում եմ, Աստված կանչում»:
Պապիկիս վերջին գրառումը.
«11 նոյեմբերի, 2001 թվական
Մահացավ կինս՝ Մանիշկա Սարգսի Քալանթարյանը: Փակվեց կյանքիս մատյանը»:
Պապիկս այլևս գրառում չի արել, գրառում է կատարել մեծ քեռիս՝ Ռուսլան Քալանթարյանը.
«29 հունվարի, 2003 թվական
Կյանքին հրաժեշտ տվեց այս հուշամատյանի հեղինակը, իմ փառահեղ հայրը՝ Իշխան Լևոնի Քալանթարյանը: Հավերժության գիրկը գնաց Քալանթարյանների մեծ տոհմի պայծառափայլ մարդը՝ Իշխան Լևոնիչը»:
Իսկապես հունվարի 29-ը ճակատագրական թիվ դարձավ պապիկիս համար. 1944թ-ի հունվարի 29-ին ծանր վիրավորվեց Կերչում, իսկ 2003թ-ի հունվարի 29-ին հրաժեշտ տվեց կյանքին՝ Չորաթանում:
Այսօր հաղթանակի օրն է ու հիշում ենք բոլորին: Այդ տարիները ոչ միայն հաղթանակի բերկրանքը վայելելու, այլև սպասումի, կարոտի, վերադարձի հույսի տարիներ էին: Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիցներն էլ հերոսներ են, ինձ համար հերոս է իմ պապիկը: Այնպես կուզենայի ողջ լիներ պապս ու հենց այսօր նրան ասեի բոլոր այն խոսքերը, որին իսկապես արժանի էր, ու այդպես էլ մնացին չասված:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան