Սերժ Սարգսյան. Մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Այսօր առանձնահատուկ` հոբելյանական օր է: Լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակի 70-րդ տարեդարձը: Խորհրդային բազմազգ բանակի խորտակիչ հարվածն էր, որ 1945 թվականի մայիսին Եվրոպայում վճռեց պատերազմի ելքը:
Ե՛վ առաջին գծում, և՛ պարտիզանական ջոկատներում, և՛ ընդհատակում, և՛ դիմադրական շարժումների մեջ հայորդիներն իրենց ավանդն են բերել նացիստական ուժերին վերջնականապես ջախջախելու գործում: Մենք եղել ենք արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հակամարդկային գաղափարախոսության, բռնության ու բարբարոսության: Հերոսաբար կռվելով ամենատարբեր ճակատներում, գիշեր ու զօր աշխատելով թիկունքում, մենք պաշտպանել ենք նաև մեր հայրենիքը` Հայաստանը:
Այս հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար բացեց խաղաղ աշխատանքի, վերաշինության, հայ ժողովրդի համակողմանի վերածննդի իրական և լայն հնարավորություններ:
Խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսյան նույն օրը ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին: Իրենց հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը` հայտնվելով նույն` արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հայատյացության, բռնության ու բարբարոսության:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Խաղաղություն աշխարհին և խաղաղություն մեր երկրին»: