Թամանյան դիվիզիայի վետերան. Երեք անգամ վիրավորվել եմ, բայց շարունակել եմ կռվել (տեսանյութ, լուսանկարներ)
«Պատերազմից հետո հենց այստեղ՝ Երևանի Հաղթանակի զբոսայգում հաճախ էինք հանդիպում Թամանյան դիվիզիայի վետերաններով: Հիշում էինք մեր անցած մարտական ուղին: Ծանր մարտերի ենք մասնակցել: Կովկասյան լեռներից հասել ենք մինչև Բեռլին», -Panorama.am-ի հետ զրույցում հիշեց Ջավախքից Թամանյան դիվիզիայի վետերան Սեդրակ Աբրահամյանը:
18 տարեկան է եղել, որ զորակոչվել է բանակ. «Կամավոր ո՞վ կգնար: Օրենքով տանում էին: Ո՞վ կգնար մեռնելու»:
Սեդրակ Աբրահամյանը 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում 1942-1945 թվականը անցկացրել է ռազմաճակատում: Հիշում է՝ չորս ամիս Կեռչում է եղել, դեսանտ է իջել: Երեք անգամ վիրավորվել է, սակայն շարունակել է կռվել. «Պատերազմից հետո նոր օպերացիա եմ եղել»:
Սեդրակ Աբրահամյանը մինչև այժմ Ջավախի Ախալքալակի վետերանների միության նախագահն է: Նա ասաց, որ Ջավախքից ավելի քան 1500 հոգի մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ Սիմոն Զաքյանը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը և գեներալ–մայոր Նվեր Սաֆարյանը, հետպատերազմյան տարիներին՝ գեներալ-մայորներ Ա. Կարապետյանը, Հ. Մարտիրոսյանը, Ս. Միանսարովը: Դիվիզիան ռազմաճակատ է մեկնել 1942 թվականի օգոստոսին։
Մասնակցել Բեռլինի ճակատամարտին և աչքի ընկել Օդերի Ֆրանկֆուրտի գրավման և Բեռլինի փողոցային մարտերում։ Վերջին մարտերին դիվիզիան մասնակցել է 3-րդ հարվածային բանակի կազմում։ Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ՝ համառ մարտերով։
Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է Հայաստան։ Կազմացրվել է 1956 թվականին։
89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկները շքերթով անցնում են Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասներով (1945 թ-ի մայիս)