Ամասիա քաղաքում տեղադրվել է սմարթֆոնով սելֆի անող սուլթանի որդու արձան
Թուրքիայի Ամասիա քաղաքում տեղադրված արձանն արժանացել է զբոսաշրջիկների և բազմաթիվ քաղաքացիների մեծ ուշադրությանը: Քանդակը պատկերում է սուլթանի գահաժառանգ որդուն, որը մի ձեռքով բռնել է պատյանում գտնվող թուրը, իսկ մյուսով` սմարթֆոն հեռախոս: Սուլթանի որդին հեռախոսը դիմահար բռնած դիրքով է, կարծես թե փորձում է սելֆի (ինքնանկար) անել:
Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքը հայտնում է, որ Ամասիայի փոխքաղաքապետ Օսման Աքբաշը պարզաբանում է տվել, թե տեղադրված արձանը կոնկրետ վերագրված չէ Օսմանյան կայսրության սուլթաններից որևէ մեկի որդուն անձնապես:
Արձանի լուսանկարը լայնորեն տարածվել է սոցցանցերի թուրք օգտատերերի շրջանակներում, ինչպես նաև լրատվամիջոցներում:
Իսկ թե ինչու է արձանի համար ընտրվել Ամասիա քաղաքը, աղբյուրը պարզաբանում է, որովհետև Օսմանյան ժամանակաշրջանում նշյալ քաղաքը հայտնի է եղել որպես սուլթաններ տված քաղաք:
Փոխքաղաքապետ Աքբաշը լրագրողներին տեղեկացրել է, որ շուտով արձանի կապակցությամբ միջոցառում կկազմակերպվի: