«Արտ Ֆեստ». «Որևէ մեկին չենք կարող շնորհք նվիրել, բայց կարող ենք օգնել շնորհալի մարդուն դառնալ պրոֆեսիոնալ»
««Արտ Ֆեստ» փառատոնի հիմնական նպատակն է՝ սկսնակ մարդուն տալ ինքնաբացահայտվելու, ինքնադրսևորվելու հնարավորություն. որևէ մեկին չենք կարող շնորհք նվիրել, բայց կարող ենք օգնել շնորհալի մարդուն դառնալ պրոֆեսիոնալ»,- «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ փառատոնի բացումից առաջ կայացած ասուլիսում ասաց «Արտ Ֆեստ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Նրա խոսքով, արվեստը միշտ էլ ունի ազատ տեղ. «Այդ իմաստով արվեստը մի քիչ անսահմանության հոմանիշն է: Միշտ ունի ազատ տեղ, երբեք որևէ շնորհալի մարդ ուրիշի տեղը չի գրավում: Այդ ազատ տեղերի վրա գալիս է մի նոր և ազատ սերունդ, որը մեր ժամանակի լավագույն ձեռքբերումներից մեկն է, որը հարստություն է, սոցիալական նվաճում է, հեռանկար և ապագա է խոստանում: Որտեղ կա երիտասարդություն, այնտեղ էլ կա ապագա: Այսօր կփորձենք այս փառատոնի ընթացքում տեսնենք, թե ապագան ինչպես է արտացոլվում թեկուզ իր նախանշաններով մեր ներկայի մեջ»:
Դավիթ Մուրադյանը կարևորեց մարդու առաջին քայլը, քանի որ, ըստ նրա, ժամանակին նկատված և ժամանակին խրախուսված շնորհքը նորմալ, առողջ զարգացման ընթացք է ունենում:
Նրա խոսքով, «Արտ Ֆեստ» փառատոնը միավորում է տարբեր մշակութային բուհերում սովորող ուսանողներին. «Կարևոր է այդ միավորումը: Մենք ուզում ենք, որ միմյանց հանդիպեն երաժիշտները, նկարիչները, դերասանները և իբրև մի ամբողջական մշակութային սերունդ կարողանան սկսել իրենց կենսագրությունն այս ժամանակի մեջ»:
«Արտ Ֆեստ» փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն ասաց, որ այս փառատոնը տարբերվում է մյուս փառատոներից նրանով, որ իր մեջ ընդգրկվում է արվեստի մի քանի ճյուղ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, այս տարի, ավելացրել է նաև երգարվեստի, դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտները։ Փառատոնն ունի 350 մասնակից, ակտիվ են նաև մարզերը՝ Շիրակի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի: Փառատոնի ընթացքում ներկայացվելու է 39 ներկայացում, 39 կինոֆիլմ, 210 կերպարվեստի, դիզայնի, դեկրատիվ կիրառական արվեստի ստեղծագործություն, 32 հագուստի մոդելավորում, 30 հոգի երգարվեստի ոլորտից:
«Երեք տարի շարունակ փառատոնը կարողանում է մեկտեղել ստեղծագործ երիտասարդների և ուրախալի է, որ յուրաքանչյուր տարի փառատոնից հետո ծնվում են նոր նախագծեր»,- ասաց Էրիկ Բարսեղյանը:
Փառատոնի մեկնարկը տրվեց երիտասարդ սցենարիստ Աստղիկ Սիմոնյանի «Մեկ թագավորի թատրոն» պիեսի ներկայացմամբ: Նշենք, որ փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 11-ը:
Նախորդող հրապարակումներ՝
«Արտ Ֆեստ». Մասնակիցների թվի աննախադեպ աճ, արվեստի ոլորտների ավելացում
«Արտ Ֆեստ». «Երիտասարդ սերնդի առաջ խնդիր է դրված՝ ապացուցել աշխարհին, որ մենք կանք և ուժեղ ենք»
«ԱՐՏ ՖԵՍՏ»՝ «ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը»