Վ. Գաբրիելյան. Դպրոցի շրջանավարտներն արդեն կազմում են դիվանագիտական կորպուսի զգալի մասը
Երևանում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի կողմից կազմակերպած «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարները և մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն անցկացվում է Եվրոպական միության աջակցությամբ:
Ողջյունի խոսքում Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանն ասաց, որ այս միջոցառմամբ Դիվանագիտական դպրոցը նպատակ ունի նպաստելու էլեկտրոնային դիվանագիտության վերաբերյալ գիտնականների ու գործնական դիվանագիտական աշխատանք կատարող մասնագետների շրջանում ծավալված քննարկումներին: Նա նշեց, դպրոցի ստեղծումից հինգ տարի անց շրջանավարտներն արդեն կազմում են ՀՀ դիվանագիտական կորպուսի մի զգալի մասը և ձեռք են բերում լավ հեղինակություն:
ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան էլ ասաց, որ Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև դիվանագիտական դպրոցին աջակցության տրամադրման ուղղությամբ երկարատև համագործակցության առաջին նպատակն է ուժեղացնել կառույցը՝ արտոնելով դպրոցին կրթություն և վերապատրաստում տրամադրել Հայաստանի դիվանագիտական անձնակազմին:
Տ. Հրիսթեան հայտարարեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շարունակությունը, որն աջակցություն է տրամադրում Հայաստանի դիվանագիտական դպրոցի կարողությունների և ինստիտուցիոնալ զարգացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի մայիսին որպես պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագրի մաս և ստանալու է լրացուցիիչ ֆինանսավորում՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցին մինչև 2017 թվականի ապրիլ ամիսն աջակցություն տրամադրելու նպատակով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,660,000 եվրո:
ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծեց սոցիալական ցանցերի կարևորությունը ժամանակակից դիվանագիտության համար որպես հաղորդակցության միջոց, շեշտեց որ ԵՄ ֆեյսբուքում և Թվիթերում տասնյակ հազարավոր հետևողներ ունի:
Երկօրյա համաժողովին մասնակցում են ավելի քան յոթ տասնյակ մասնակիցներ շուրջ քսանհինգ երկրից՝ դիվանագիտական կրթության հաստատությունների, համալսարանների, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ:
Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես կգան և քննարկումներին իրենց մասնակցությունը կբերեն արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական հեղինակավոր ուսումնական հաստատությունների ղեկավարներ, միջազգային համբավ ունեցող գիտնականներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, օրենսդիրներ:
Գիտաժողովն ընթանալու է չորս աշխատանքային նիստերով՝ Տեղեկատվության և հաղորդակցության կառավարումը դիվանագետների համար. հնարավորություններ և ռիսկեր, Դիվանագիտություն և վիրտուալ իրականություն. միջոցներ և պրակտիկա, Երկրների փորձառությունը փոփոխություններին հարմարվելու և դրանց ազդեցությունը գնահատելու հարցում, Դիվանագիտական դպրոցներ և էլեկտրոնային դիվանագիտություն. լավագույն փորձառություններ: