ՏԻՄ ընտրություններ. Առաջադրվածները գյուղապետերն ու գյուղապետարանի աշխատակիցներն են
Հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում:
Մայիսի 3-8-ը թեկնածուներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացրել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Մինչև 13-ը կկատարվի թեկնածուների գրանցումը:
Առաջադրված թեկնածուների ցանկն ուսումնասիրելուց պարզվում է, որ շատ համայնքներում թեկնածուները համայնքի ղեկավարներն են ու գյուղապետարանների աշխատակիցները:
Օրինակ, Ալագյազում առաջադրված երկու թեկնածուներից մեկը գործող ՀՀԿ-ական համայնքապետն է, մյուսը՝ գյուղապետարանի առաջատար մասնագետը՝ անկուսակցական: Գյուղապետին այստեղ առաջադրել է ՀՀԿ-ն:
Հարթավանում երեք առաջադրվածներից մեկը գործող գյուղապետն է, նրան առաջադրել է ՀՀԿ-ն, մյուսը՝ գյուղապետարանի հաշվապահն է՝ անկուսակցական, ինքնաառաջադրված, մյուսը՝ անկուսակցական Գալուստ Հայրապետյանն է:
Գեղարքունիքի Ակունք համայնքն այն քչերից է, որտեղ հինգ թեկնածու է առաջադրվել: Այստեղ էլ գործող համայնքապետը ցանկանում է շարունակել պաշտոնավարումը, առաջադրված են գյուղապետի տեղակալը, գյուղի մշակույթի տան տնօրենը ու ևս երկուսը՝ անկուսակցական Ստյոպա Հովհաննիսյանն ու ԲՀԿ-ական Ստեփան Ղազարյանը: Վերջինս ինքնաառաջադրված է:
Գեղարքունիքի մեկ այլ համայնքում՝ Ծովասարում առաջադրվածներից մեկը գործող գյուղապետն է, մյուսը՝ գյուղապետարանի զինղեկը: Գեղհովիտում մանկավարժներն էլ են ներգրավված ընտրական պրոցեսում՝ առաջադրված երեք թեկնածուներից մեկը գործող համայնքապետն է, մեկը՝ գյուղի դպրոցի մանկավարժներից է, մյուսն էլ՝ Մարտունու պետական բժշկական քոլեջի փոխտնօրենը:
Սյունիքի Ուժանիս համայնքում էլ առաջադրվածներից մեկը գյուղապետն է, մյուսը՝ նրա տեղակալը:
Թեկնածուները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև մայիսի 28-ի ժամը 18:00-ը: Ենթադրվում է, որ գործող համայնքապետերի դեմ «պայքարի ելած» նրա աշխատակիցները մինչ այդ կհրաժարվեն հետագա մրցակցությունից:
Կարելի է պնդել, որ նրանք առաջադրվել են ձևականորեն պահպանելու Ընտրական օրենսգրքի կետը, ըստ որի.
եթե համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած: