Հինգ մայրցամաք միավորվել են հանուն սիրո, խաղաղության և միասնության. «Genealogy»-ի առաջին փորձը (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի բեմում կայացել է Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի առաջին փորձը: Բեմադրության ընթացքում ցուցադրել են ծառեր և վարդագույն ու մանուշակագույն զարդանախշեր: Շոու ողջ ընթացքում հատուկ էֆեկտներ են օգտագործվել: Այս մասին գրում է մրցույթի պաշտոնական կայքը:
Բեմական գործողության սկզբում վեց երգիչները կանգնում են առանձին: Առաջին պարբերության ընթացքում միայն այդ պահին երգող երգիչն է շարժումներ կատարում, մինչ մնացած հինգը անշարժ կանգնած են: Վերջին կրկներգից առաջ խմբի անդամները մոտենում են միմյանց և մի գծով շարժվում են դեպի բեմի առաջնագիծ՝ երգի վերջին նոտայի հետ միաժամանակ վեր բարձրացնելով ձեռքերը: Երգի ժամանակ մանուշակագույն և վարդագույն լույսեր են վառվում, որոնք ներդաշնակ են խմբի բեմական սև զգեստներին՝ մանուշակագույն տարրերով: Երգչուհիների զգեստները զարդարված են ավանդական զարդերով:
Հետևին պլանում էկրանին ցուցադրվում են ծառեր, որոնք քամուց այս ու այն կողմ են ճոճվում: Ցուցադրվում է նաև աշխարհի քարտեզը, երգիչները կանգնում են այն երկրների վրա, որտեղ իրենք բնակվում են:
Մրցույթի կայքում գրվում է. «Նրանց ելույթը ցույց տվեց, թե ինչպես կարելի է միավորվել ուժերը և ուժեղանալ, համախմբված լինելով՝ զարգանալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրատեսիլ» մրցույթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասել էր, որ ունենալու են թվային, մինիմալիստական, բայց հայկական էլեմենտներով, շնչով, գեղեցիկ, ոճային բեմադրություն: «Մեր երգիչները կենտրոնանալու են իրենց երգեցողության վրա: Բարդ երգ է, փորձել ենք հնարավորինս նվազեցնել բարդ շարժումներն ու բարդ լուծումները: Այն ինչ պետք է անել, ասելիքը տեղ հասցնելն է»,- ասել էր նա՝ ընդգծելով, որ բեմի վրա զգացվելու է Հայաստանի շունչը:
Հիշեցնենք, որ Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայանում է նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանի մասնակիցը համախմբում է թերթիկները: Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆրիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: Խումբը երգը կներկայացնեն «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո մայիսի 19-23-ը: Հայաստանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ մայիսի 19-ին երկրորդ համարի ներքո: