«Դելփյան խաղերի» հայաստանյան մասնակիցները վերադարձել են հաղթանակներով
Այս տարի «Դելփյան խաղերը» նվիրված են եղել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Հայաստանն այս յուրահատուկ ստուգատեսին մասնակցել է 57 հոգուց կազմված պատվիրակությամբ, որոնցից 45 մասնակիցներ (16 անհատ, 2 համույթ), մրցել են 11 անվանակարգերում` «Դաշնամուր», «Ջութակ», «Ակադեմիական երգեցողություն», «Էստրադային երգեցողություն», «Ժողովրդական երգեցողություն», «Կերպարվեստ», «Հագուստի դիզայն», «Ազգային նվագարաններ», «Լուսանկարչություն», «Կրկես», «Ազգային պար» և գրավել պատվավոր տեղեր` արժանանալով 7 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալների և դիպլոմների: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Պատվիրակության կազմում են եղել «Դելփյան խաղերի» միջազգային հանձնաժողովի անդամներ` Արմեն Բաբախանյանը («Դաշնամուր»), Սուսաննա Մարտիրոսյանը («Ակադեմիական երգեցողություն»), Անիտա Հախվերդյանը («Էստրադային երգեցողություն»), Ավետիք Գինոսյանը («Կրկես»), Ավետիք Ավեստիսյանը («Կերպարվեստ»), ինչպես նաև Դելփյան կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչը, պատվիրակության ղեկավարը, նվագակցողներ և այլոք:
2002 թվականից, ԱՊՀ երկրներում պարբերաբար կազմակերպվում են «Դելփյան խաղերը»: Հայաստանն առաջին իսկ օրվանից իր գործուն մասնակցությունն է բերում բոլոր խաղերին և, մասնակիցների թվաքանակով զիջելով շատ երկրների, որպես կանոն, միշտ թիմային հաշվարկով զբաղեցրել է պատվավոր տեղեր (նվազագույնը` 3-րդ տեղ): Հայաստանի պատվիրակությունը լավագույն արդյունքով հանդես է եկել 2010 թվականին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված խաղերին. մեր երկրի ներկայացուցիչները, նվաճելով 36 մեդալ (15 ոսկի, 14 արծաթե, 7 բրոնզե) և 43 դիպլոմ, գրավել են 1-ին տեղը: