Առատ տեղումները մտահոգում են գյուղատնտեսներին
Առատ տեղումներով պայմանավորված խոնավությունը գյուղատնտեսների համար մտահոգություններ են առաջացնում:
«Եթե սրսկումները ժամանակին ու պատշաճ կերպով չարվեն, գերխոնավության հետևանքով սնկային հիվանդությունները գլուխ կբարձրացնեն»,-Panorama.am-ին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա այս առումով կարևորեց ճիշտ ժամանակին սրսկումներ կատարելը. «Պետք է գյուղացին չխնայի թունաքիմիկատները, տեսեք մի հատ սրսկում են, անձրև է գալիս, երկրորդ անգամ չեն սրսկում: Այս առումով պետք է զգույշ լինել, որպեսզի բարձրորակ բերք ստանանք, որովհետև կարող է բերքն առատ լինի, բայց անորակ»:
Միավորման նախագահը նկատեց նաև, որ այս տարի ծիրանի բերքը կբավականացնի թե ներքին, թե արտաքին սպառման համար. «Ճիշտ է՝ չի լինի երեք տարի առաջվա արտահանման քանակը, բայց որ 15-18 հազար տոննա ծիրան կարտահանվի, դա փաստ է»:
Ավելի վաղ գյուղատնտեսության նախարարությունից պտղաբույծներին խորհուրդներ էին տվել.
Պսակաթերթիկների թափվելուց հետո բուժման աշխատանքներ կատարել կորիզավոր պտղատեսակների հիմնական վնասատուների և հիվանդությունների դեմ (ծակոտկեն բծավորություն, մոնիալ այրվածք, պտղային փտում, շերտավոր պտղացեց, կազարկա)` համատեղելով միջատասպան և սնկասպան պատրաստուկներ:
Խորհուրդ է տրվում 1 հա-ի համար ծախսել մինչև 800լ բանվորական լուծույթ`
1-ին տարբերակ – օգտագործել 300մլ սկոր կամ 800մլ տոպազ` համատեղելով Նուրելլ-Դ 1.5 – 2լ կամ կալիպսո 300մլ:
Փոքր այգետարածքների համար, որտեղ օգտագործում են ձեռքի կամ շալակի սրսկիչներ` նպատակահարմար է թունաքիմիկատի ծախսը կատարել 10լ-ի հաշվով` սկոր 3 մլ, տոպազ 8 մլ, Նուրելլ-Դ -20մլ կամ կալիպսո 3մլ:
2-րդ տարբերակ – (10լ ջրի հաշվով) խորուս 3.5մլ, պղնձիօքսիքլորիդ 50-70գր, դելան 7մլ, բայլետոն 8գր, ռուբիգոն 8մլ, տոպսին 15-20գր, բորդոյան հեղուկ 1%-ոց, պատրաստուկներից որևէ մեկով, համատեղելով կարատե 8մլ, դուրսբան 20մլ, դեցիս 5մլ, զոլոն 25մլ, սալոս 25մլ, կոնֆիդոր մաքսի 0.7գր, բազուդին 20մլ, վալսարել 15մլ, պատրաստուկներից որևէ մեկով:
Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ տեղումներն առաջիկա օրերին կշարունակվեն: Հանրապետության տարածքում մայիսի 11-ին ժամանակ առ ժամանակ, 12-15-ին գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ: