Սերգո Կարապետյան. Մեզ հաջողվել է ջրամատակարարման ոլորտում հասնել բավական լավ արդյունքների
Ոռոգման և խմելու ջրի ոլորտներում առկա է նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն: Այսօր KfW բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավար Եվա Վիթթի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Բարձր գնահատելով բանկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը` նախարարն ընդգծել է.
«Ոռոգման խնդիրը գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է, և թեև վերջին տարիներին KfW բանկի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է ջրամատակարարման ոլորտում հասնել բավական լավ արդյունքների, սակայն կարևոր է շարունակել համատեղ ծրագրեր իրականացնել այս ուղղությամբ` ավելի մեծ հաջողություններ գրանցելու նպատակով»:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են KfW բանկի կողմից Հայաստանում իրականացվող ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերը, այդ թվում` Կապսի ջրամբարի վերակառուցումը, ինչը հնարավորություն կընձեռի ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները:
Սերգո Կարապետյանն առաջարկել է բանկի ներկայացուցիչներին ուսումնասիրություններ կատարել և քննարկել բանկի ծրագրերում Մաստարայի ջրամբարի կառուցման խնդրի ընդգրկման հնարավորությունը, ինչին ի պատասխան KfW բանկի ծրագրերի ղեկավարը տեղեկացրել է, որ հարցի քննարկումը հնարավոր կլինի միայն Հայաստանում ստորգետնյա և մակերեսային ջրերի օգտագործման վերաբերյալ լիարժեք ուսումնասիրությունների արդյունքում:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը` Սերգո Կարապետյանը նշել է, որ այս ուղղությամբ ևս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը KfW բանկից ակնկալում է օժանդակություն:
Հանդիպմանը KfW բանկի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ բանկի ֆինանսավորմամբ Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով Հայաստանում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության համար տրամադրվում են վարկեր: Ընդ որում, այդ ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է այդ նպատակի համար ստանալ ևս 15 մլն եվրո, որը նպատակաուղղված կլինի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: