500 պատվիրակ՝ Երևանում անցկացվող ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովին
«Նախարարական գագաթաժողովը կարևորագույն միջոցառում է, որը իրադարձություն է ոչ միայն կրթական համակարգի, այլև մեր պետության և, անշուշտ, մայրաքաղաքի համար: Երևանն իրապես երեք օր կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք, ինչը շատ կարևոր է նաև այն առումով, որ ողջ աշխարհում ճանաչելի կդարձնենք ոչ միայն Հայաստանը, այլև մեր սիրելի մայրաքաղաք Երևանը: Ու ես վստահ եմ, որ մեր համատեղ ուժերով երևանյան նախարարական գագաթաժողովը կլինի լավագույններից մեկը Բոլոնիայի պատմության մեջ»: Այս մասին նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ հանդիպելով Երևանի քաղքապետ Տարոն Մարգարյանին:
ԿԳ նախարարը և Երևանի քաղաքապետը քննարկել են մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր. հայտնում են Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առանձնակի կարևորելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշումը՝ նախարար Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի և նախարարության միջև առկա ակտիվ փոխգործակցության շնորհիվ այս անգամ ևս հաջողությամբ կիրականացվեն նախանշված բոլոր ծրագրերը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորելով Հայաստանի կրթական համակարգի ներգրավումը Եվրոպական կրթական տարածքին, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ապահովելու միջոցառումների հավուր պատշաճի անցկացումը:
«Երևանի համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք: Եվ համոզված եղեք, պարոն նախարար, որ մեր լիազորությունների շրջանակում մենք կանենք առավելագույնը՝ համաժողովի անցակցումը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նշվել է, որ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ակնկալվում է շուրջ 500 պատվիրակի մասնակցություն, որոնցից 350-ը՝ օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչներ, որոնցից 20-ը` նախարարի մակարդակով:
Դեռ նախորդ տարվա փետրվարին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՆ-ի միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի կողմերը պարտավորվել էին Երևանում վերոնշյալ միջոցառումների անցկացման նպատակով զարգացնել գործակցությունն ու ընդլայնել համագործակցության շրջանակը:
Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին:
Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները:
ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2012թ.-ին Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովում Հայաստանը միաձայն ընտրվել է հաջորդ՝ 2015թ. նախարարական գագաթաժողովը հյուընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր: Բոլոնիայի քարտուղարության պաշտոնական ստանձնման արարողությունը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 27-30-ին, Երևանում, իսկ գործունեության պաշտոնական մեկնարկը սկսվել` 2012թ. հուլիսի 1-ին: 2015 թ. մայիսի 14-15-ին կայանալիք 9-րդ գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են ավելի քան 140 երկրներ ու կազմակերպություններ: Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը Երևանից ստանձնելու է հաջորդ հյուրընկալող երկիրը՝ Ֆրանսիան:
Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում: