Ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին հայ հանդիսատեսի համար կկատարի «Պատերազմական տարիների երգեր»
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Պատերազմական տարիների երգեր» խորագրով համերգը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներին: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:
«Պատերազմական տարիների երգեր» ծրագիրը կներկայացնեն ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Նշենք, որ 2013-ին «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում նա արդեն ելույթ ունեցել է հայ հանիդսատեսի համար: Դա նրա երկրորդ այցելությունն էր Հայաստան, սակայն առաջին անգամ էր, որ հանդես եկավ համերգով:
«Հայաստանը սուրբ երկիր է ինձ համար: Ես շատ հայ ընկերներ ունեմ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում և իսկապես շատ ուրախ եմ այստեղ գտնվել»,- ասել է նա: