«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է խնամքով ու սիրով…Էդվարդ Միրզոյանն այդ ծնունդներից է» (լուսանկարներ)
«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով: Ստեղծում է կաղապարից դուրս, որպես ընտրյալ: Սովորաբար օժտում է հատուկ տաղանդով, հազար ու մի առաքինություններով ու շռայլ, շռայլ հոգով... Էդվարդ Միրզոյանն այդ ծնունդներից է»: Մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի մասին ասել է թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Էդվարդ Միրզոյանը ծնվել է 1921 թվականի հենց այս օրը Վրաստանի Գորի քաղաքում: Եղել է կոմպոզիտոր Միքայել Միրզայանի որդին: 1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: 1946-48թթ կատարելագործվել է Մոսկվայի հայ Մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1965թ-ից` պրոֆեսոր): Կոմպոզիտորի աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը,Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ: 1956-91թթ եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության վարչության նախագահը:
Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե...», «Երազ տեսա» և այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը: Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և Անընդհատ շարժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը: Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է: Հայրենասիրական շնչով են տոգորված «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի և դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի և լիտավրների համար: Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար» («Առավոտ», «Մարիամ» և այլն), Պոեմ՝ դաշնամուրի, Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար, և այլ գործեր:Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական` «Փլուզում», 1959 թ., «Քաոս», 1974 թ., «Հեղկոմի նախագահը», 1977 թ., «Աքսորական դ 011», 1979 թ., «Խաչմերուկի դեղատունը», 1988 թ., վավերագրական` «Այսօր արևոտ օր է», 1975 թ., բոլորը՝ Հայֆիլմ):
Պարգևատրվել է «Կիրիլ և Մեֆոդի» (1971թ., Բուլղարիա), Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», «Մեսրոպ Մաշտոց» (երկուսն էլ՝ 2001թ.), «Պետրոս Մեծ» (2005թ., Գերմանիա) շքանշաններով, «Մովսես Խորենացի» (1998թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե (2006թ.), Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006թ.), «Եկատերինա 2-րդ» (2006թ., ՌԴ) մեդալներով: 1988թ. արժանացել ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: 1963թ. արժանացել է ՀԽՍՀ, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:
2001թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: Մահացել է Երևանում 2012 թվականի հոկտեմբերի 5-ին: 2013 թվականի հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության հանրային խորհուրդը որոշում է կայացրել՝ Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանել Էդվարդ Միրզոյանի անունով:
Կոմպոզիտոր, մանկավարժ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններին բնորոշ են նոր արտահայտչամիջոցները, կերպարների հոգեբանական խորությունը, դրամատիկականի ու քնարականի օրգանական համադրումը:
Ձախից` Տիգրան Մանսուրյան, Էդվարդ Միրզոյան, Վլադիլեն Բալյան, Ստեփան Շաքարյան
Հովհաննես Չեքիջյանի հետ
Տիխոն Խրեննիկովի, Արամ Խաչատրյանի և Կոնստանտին Օրբելյանի հետ
Առնո Բաբաջանյանի հետ
Ձախից նստած` Գրիգոր Եղիազարյան, Դմիտրի Շոստակովիչ, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, կանգնած` Ադամ Խուդոյան, Էդվարդ Միրզոյան, Էդգար Հովհաննիսյան
Կնոջ հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա