Անգլիկյան եկեղեցու պատվիրակությունը մասնակցել է Երեւանում Ապրիլի 24-ի միջոցառումներին
Ապրիլի 22-24-ը Անգլիկյան եկեղեցու պատվիրակությունը Լոնդոնի եպիսկոպոս, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի նախագահ Քրիստոֆեր Հիլլի գլխավորությամբ մասնակցել է Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես նաեւ Էջմիածնի Մայր տաճարում մատուցված պատարագին եւ ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողությանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ Հարավային Սուդանից ժամանած երկու եպիսկոպոսներ՝ Ենոխ Թոմբե Սթիվենը եւ Պիտեր Մայոմը:
Անգլիկյան եկեղեցու Եվրոպայի թեմի կայքէջում Հայաստանում կազմակերպված միջոցառումներից իր տպավորությունների մասին է գրել եկեղեցու եպիսկոպոս Ռոբերտը, մեջբերելով Երեւանում կազմակերպված Գլոբալ ֆորումին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի խորհրդի վերաբերյալ. հիշողություն, երախտագիտություն բոլոր այն ազգերին եւ մարդկանց, ովքեր օգնեցին հայերին այդ տարիներին, նման հանցագործությունների կանխարգելում աշխարհում եւ հայության վերածնունդ անցյալ տասնամյակների ընթացքում:
Նկարագրելով հայաստանյան երեք օրերի միջոցառումները եւ իր տպավորությունները, անգլիկյան եկեղեցու եպիսկոպոսը գրում է. «Շատ հուզիչ, անմոռանալի երեք օրեր էին: Տունդարձի երկար թռիչքին մտածում էի, արդյոք Նախագահ Սարգսյանը հասել է իր նպատակներին: Հիշողության եւ երախտագիտության պակաս չէր զգացվում: Ազգային վերածննդի առումով, հուսով եմ, միջազգային հանրության առատ ուշադրությունը կօգնի Հայաստանին... Բայց ահա կանխարգելումը... «Ինչո՞ւ արեւմտյան եկեղեցիները չեն անում ավելին քրիստոնյաների հալածանքները կանխարգելելու համար հենց այսօր Մերձավոր Արեւելքում», - կհարցնեն մեր արեւելյան եղբայրները եւ քույրերը: Եվ սա դժվար հարց է պատասխանելու համար: Շիտակ պատասխանն այն է, որ մենք այսօր չունենք այն միջազգային կառույցները, որոնք կարող են ապահովել միջազգային խաղաղությունը... Այն միջոցառումները, որոնց ես մասնակցություն ունեցա Երեւանում, անշուշտ, ստիպեցին ինձ ցավ ապրել այն ամենի համար, ինչ հայ ազգը ստիպված է եղել վերապրել, եւ այն դանդաղկոտության համար, որով աշխարհը ճանաչում է այդ ամենը: Բայց դրանից զատ ինձ նաեւ հետաքրքրում է, թե ինչն է խանգարում աշխարհի առաջնորդներին այսօր ստեղծելու այն կառույցները եւ ինստիտուտները, որոնք կարող են կանխարգելել եւ պատժել իրենց հավատքի, ռասայի կամ էթնիկ պատկանելության համար մարդկանց մասայական սպանություններ կազմակերպողներին»: