Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնը` մայիսի 17-ին
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնը այս տարի ևս հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում է մայիսի 17- հուլիսի 15-ը իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ գրված ալտի և թավջութակի համար։ Այս մասին տեղեկացնում են SPRING PR-ընկերությունից:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր, թավջութակահար Արամ Թալալյանը նշել է, որ Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնը առանձնակի կարևորել է տարվա հոբելյարների ստեղծագործությունների կատարումը, որոնց թվում են հայ կոմպոզիտորներ Ալ. Հարությունյանը, Գ. Հովունցը, Ռ. Սարգսյանը, Վ. Մանուկյանը և վրացի անվանի կոմպոզիտոր Ս. Ցինցաձեն: Փառատոնը կհյուրընկալի նաև միջազգային անվանի երաժիշտների` Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից:
«Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնի շրջանակներում կիրականացվեն համատեղ ծրագրեր Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի, «Հարմոնիում» ԵԶԿ Հասարակական Կազմակերպության և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հետ: Ցանկանում եմ նշել նաև, որ փառատոնի բացման շրջանակներում Հայաստանի Երուսաղեմի տաճարի ռազմական ինքնիշխան միաբանությունը և «Արս լունգա»ՀԿ-ն կազմակերպել են ցուցահանդես վաճառք: Ցուցահանդեսին ներկայացված են լինելու Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության շահառուների` հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքները» - հավելել է փառատոնի տնօրեն Ջուլիետա Վարդանյանը:
Թալալյան եղբայրների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնի բացման միջոցառումը տեղի կունենա մայիսի 17-ին, ժամը` 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար մուտքը համերգասրահ ազատ է:
Թալալյան եղբայրների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնը իրականցվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Արս Լունգա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա