«Այլևս երբեքը» աշխարհի տարբեր երկրներում պատմել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը
«Շատ ուրախ եմ, որ «Այլևս երբեք» ծրագիրը հաստատվեց, որով մենք ուզում ենք աշխարհին ասել, որ կանք, շարունակում ենք ապրել և ստեղծագործել, իսկ դա ասելու լավագույն միջոցն է կինորավեստը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Նշենք, որ «Այլևս երբեք» ծրագիրը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում կազմակերպել էր թեմատիկ կինացուցադրություններ աշխարհի տարբեր երկրներում:
«Ներկայացված էին 20-ից ավելի ֆիլմեր՝ հայ և արտասահմանացի ռեժիսորների, այդ թվում նաև թուրք ռեժիսորների: Ցուցադրություններ եղել են աշխարհի 7 երկրների 12-ից ավելի քաղաքներում, որոնց թվում են եղել Բելառուսը, Գերմանիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Լիտվան, Թուրքիան»,-տեղեկացրեց հանդիպմանը ներկա «Այլևս երբեք» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:
Նա նաև ավելացրեց, որ յուրաքանչյուր երկրում ցուցադրություն կազմակերպելիս հաշվի են առնել տվյալ երկրի քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները:
«Ոսկե Ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն էլ նկատեց, որ այս բոլոր ցուցադրությունների ընթացքում ոչ մի խոչընդոտի և պրովոկացիայի չեն հանդիպել, անգամ Թուրքիայում բոլոր քննարկումները շատ բաց են եղել. «Սրա միջոցով մենք մեր տեսակետը, ցավը կարողանում ենք հասցնել դեռ սահմանափակ հանդիսատեսին, կինոգործիչներին, որոնք մեզ պատրաստ են լսելու և երկխոսության մեջ մտնելու»:
Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ նշված երկրների մամուլը բավականին լավ է արձագանքել այս ցուցադրություններին և բոլոր հեղինակավոր թերթերը հոդվածներ են ներկայացրել դրանց մասին:
«Այլևս երբեք» ծրագրի համակարգողը հայտնեց, որ ծրագրի առաջին կիսամյակը կամփոփվի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում` հունիսի 19-ին:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կայանալու է հուլիսի 12-19-ը: